2000 դիտում
15:55 06-04-2016
Հանրային խորհուրդը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ դիմել է հանրային խորհուրդների միջազգային կառույցին
ՀՀ Հանրային խորհուրդը նամակ է հղել Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային (որի կազմում ընդգրկված են 70-ից ավելի երկրների հանրային խորհուրդներ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողությունների վերսկսման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
Նամակում ասվում է.
Հարգելի գործընկերներ,
1994 թ. զինադադարի կնքումից ի վեր Լեռնային Ղարաղաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով ադրբեջանական զինված ուժերի չդադարող սադրանքներն ու դիվերսիոն գործողությունները մտել են նոր փուլ՝ սպառնալով վերաճել լայնամասշաբ պատերազմի:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը դիմել է հարձակողական սադրիչ գործողությունների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով` սկսելով լայնածավալ մարտական գործողություններ, որոնք աննախադեպ էին 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Ադրբեջանի կողմից կիրառվել է զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ, օգտագործվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ծանր տեխնիկա և այլ համակարգեր, որոնք մինչ այդ չեն կիրառվել: Փաստորեն, սա նշանակում է 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի միակողմանի կասեցում և նոր պատերազմի սկիզբ:
Հակառակորդը սադրիչ հարձակումների հենց սկզբից թիրախավորել է հայկական քաղաքացիական բնակավայրերը, որի հետևանքով դպրոցի բակում զոհվել ու վիրավորվել են երեխաներ: Կարճ ժամանակահատվածում ներխուժելով հայկական գյուղ` ադրբեջանցի զինվորներն ամենադաժան ձևով սպանել ու գազանաբար խոշտանգել են խաղաղ բնակիչներին` իրենց տներում:
Այն, որ ռազմական գործողությունները սկսել է ադրբեջանական կողմը, վկայում են բազմաթիվ փաստեր: Ադրբեջանական պաշտոնական հայտարարություններից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ իրենք են նախահարձակ եղել, որպեսզի ռազմական ձևով լուծեն բանակցությունների մեխը հանդիսացող խնդիրը: Մինդեռ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համար այլ երկրի կազմի մեջ մտնելու գաղափարն այլևս անընդունելի է, և ժողովուրդը երբեք չի համակերպվի այդ մտքի հետ: Լեռնային Ղարաբաղն իր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը ձեռք է բերել սահմանադրական ճանապարհով, հաղթել պարտադրված պատերազմում և այսօր էլ իրավացիորեն պայքարում է իր անկախության և ինքնորոշման պահպանման համար` ստիպված լինելով պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Իրադրության սրման գործում լուրջ դերակատարում ունի ԵԱՀԿ մասնակից երկիր Թուրքիան, որը կարծում է, թե «քարտ բլանշ» ունի տարածաշրջանում, քանի որ «փրկում է» Եվրոպան փախստականներից: Այսօր Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում և բացահայտ պատերազմ է հրահրում` քաջալերելով Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր գործողությունները, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ առաջ բերել ողջ տարածաշրջանում:
Հաշվի առնելով իրադրության լրջությունն ու վտանգը ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների համար, այլև տարածաշրջանի և ավելի գլոբալ տեսանկյունից, ինչպես նաև հասկանալով, որ խնդիրը հնարավոր է լուծել սկզբնավորման փուլում և խուսափել ցավալի հետևանքներից` դիմում ենք ձեզ, որպեսզի դուք, օգտագործելով ձեր բարձր հեղինակությունն ու ազդեցությունը, խնդիրը ներկայացնեք ձեր հասարակություններին և ակնկալեք միջազգային հանրության անաչառ գնահատականն ու պահանջը` դադարեցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններն ու գնալ խնդրի կարգավորման բացառապես խաղաղ ճաապարհով:
Ստեղծված իրավիճակում նաև ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի և տարածաշրջանի խաղաղ գոյակցության միակ երաշխիքն է:
ՀՀ Հանրային խորհուրդ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը