211652_close_icon
views-count1530 դիտում article-date 14:11 13-04-2016

Ընդլայնված խորհրդակցություն` համատիրությունների նախագահների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում սպասարկման մեծ տիրույթ ունեցող համատիրությունների նախագահների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետարանի կոմունալ տնտսեության վարչության համապատասխան բաժինների, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը, Հրայր Անտոնյանը հատկանշել է, որ մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանումն ու հետագա շահագործումը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների թվում է, որով պայմանավորված, տարեցտարի ավելանում են համատիրությունների կարիքների համար համայնքային բյուջեից տրամադրվող միջոցները: Սակայն, օրինակելի համատիրությունների կողքին կան այնպիսինները, որոնց աշխատանքը գոհացուցիչ չէ նախևառաջ բնակիչների համար, ովքեր հանատիրության աշխատանքի անմիջական գնահատողներն են: Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, բարեփոխումների համար նախևառաջ անհրաժեշտ է ավելի անմիջական դարձնել համատիրություն- բնակիչ կապը, հաճախակիացնել հանդիպումները բնակիչների հետ: Հաջորդ քայլը ոլորտի ղեկավարի կարծիքով մարդկանց մեջ հավատ սերմանելն է կատարված գործի նկատմամբ` պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ և դրանք փակցնելով բոլորի համար տեսանելի վայրում: Անչափ կարևոր է նաև ծախսերի նպատակային կատարումը, որպեսզի արվածը նախ որակով լինի և հնարավորին երկար ծառայի բնակչին: Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ շուտով հատուկ աշխատանքային խմբերը տեղերում կկանոնակարգեն ու կհետևեն բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությանը`զուգահեռ վերացնելով հնարավոր բացթողումները` քաղաքապետարան-բնակիչ-համատիրություն կապն ավելի արդյունավետ դարձնելու ճանապարհին: Հատկանշվել է, որ հնարավորին արագ է պետք օգնության ձեռք մեկնել բնակչին,այս կամ այն գործի օպերատիվ կատարումը չհետաձգել`արագ արձագանքելով ինչպես համատիրությունների, այնպես էլ թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացված խնդիրների լուծմանը: Համատիրությունների նախագահները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տեղում տրվել են հանձնարարականներ: Հրայր Անտոնյանը ևս մեկ անգամ նշել է, որ միայն սրտացավ վերաբերմունքով ու միահամուռ ուժերով հնարավոր կլինի ակնկալել այն արդյունքը, որին այսօր սպասում են երևանցիները: Միաժամանակ ընդգծվել է, որ որդեգրած այս քաղաքականությունից խուսափող համատիրությունների ղեկավարները ստիպված կլինեն անբավարար աշխատանքով պայմանավորված` բնակիչների անվստահություն հայտնելու պարագայում զիջել իրենց տեղը գործի ավելի լավ կազմակերպիչներին: Ընդլայնված խորհրդակցության ավարտին Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ նախևառաջ հենց բնակիչների հետ պարբերական շփումներով անձնապես հետևելու է բոլոր համատիրությունների գործունեությանը ու բնակիչների կողմից նրանց տրված գնահատականին:

Նմանատիպ նյութեր