211652_close_icon
views-count3244 դիտում article-date 21:52 22-04-2016

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Ապրիլի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով Սերգեյ Լավրովին` նախարար Նալբանդյանը նշեց, որ իրենց հանդիպումները թե Երևանում, թե Մոսկվայում և թե տարբեր միջազգային հարթակներում կանոնավոր բնույթ են կրում: Նախարար Նալբանդյանը կարևորեց Սերգեյ Լավրովի այցը Երևան, որը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում և, բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված է լինելու դրանց հետևանքների հաղթահարմանը ուղղված քայլերին։ Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է շտկել. կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է»։ Նա ընդգծեց, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով։ Արտգործնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, թե ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը նշեց, որ ուրախ է գտնվել Երևանում, որտեղ իրենց մշտապես ջերմ են ընդունում և կարևորեց բոլոր հարցերի շուրջ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերություններին բնորոշ անկեղծ ու կառուցողական քննարկումների անցկացումը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը` նախարար Լավրովը ցավակցություն հայտնեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծեցին 1994-1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման և զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հրատապությունը։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ արվեց Հայաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով պայմանավորվածությունների կատարմանը։ Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվող պարբերական խորհրդատվությունների օրակարգը: Ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Բանակցությունների օրակարգում էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր