211652_close_icon
views-count2114 դիտում article-date 09:22 29-04-2016

Նախընտրական մթնոլորտը ԱԺ-ում արդեն իրեն լիարժեք զգացնել է տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական այս շաբաթվա ողջ քառօրյայում միայն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվեց և երեկ վերջապես առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախօրեին գումարված ՀՀԿ նիստը և Սերժ Սարգսյանի նախատինքները տեղ հասան. կուսակիցները մեկ մարդու պես ներկայացան խորհրդարան, որպեսզի իշխող կուսակցության համար առանցքային նշանակություն ունեցող օրենսգրքի քվեարկությունը չտապալվեր: Բայց անգամ այդ պարագայում ԱԺ-ն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ երկու փորձից միայն հաստատեց: Բանն այն է, որ առաջին անգամ, երբ նախագիծը դրվեց քվեարկության, 85 կողմ, 2 ձեռնպահ ձայն հավաքեց: Ու թեև նախագիծն արդեն անցել էր, բայց դահլիճում բողոքների առկայության պատճառով նախագծի քվեարկությունը երկրորդ անգամ կազմակերպվեց, ինչի արդյունքում արդեն կողմերի թիվը դարձավ 98, դեմերը՝ 9 և 5 ձեռնպահ: Նկատենք, որ անցած 4 օրերի քառօրյա նիստերի ընթացքում ԸՕ քննարկումներն անցան ավելի քան բուռն, և երբեմն բանը հասավ նույնիսկ վիրավորանքներին: Կարելի է ասել՝ նախընտրական մթնոլորտը ԱԺ-ում արդեն իրեն լիարժեք զգացնել է տալիս: Ուշագրավն այն էր, որ փոխադարձ հրաձգությունների մի զգալի մասը ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների միջև էր: Այլ կերպ ասած՝ ընդդիմության շրջանում արդեն մեկնարկել է ներքին պայքարը, որի ընթացքում պետք է հասկանալի դառնա, թե որ ուժն է 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանություններին մարտահրավեր նետելու: ԸՕ քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել նաև՝ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված էին որոշակի զիջումների գնալ: Ամեն դեպքում հրապարակային այդպես է հայտարարվում: Թերևս զիջումների ծավալներն ու բնույթը պարզ կլինի այն ժամանակ, երբ ԸՕ նախագիծը կներկայացվի խորհրդարանին՝ երկրորդ և երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունելու համար: Նախատեսվում է, որ ԸՕ-ն երկրորդ և երրորդ ընթերցմամբ քվեարկության կներկայացվի մայիսի 16-ից 19-ը կայանալիք քառօրյայի ընթացքում, որպեսզի մինչև հունիսի 1-ն այն պատրաստ լինի և կիրառման մեջ մտնի, քանի որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ այդ ժամկետն է նախատեսված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր