211652_close_icon
views-count8852 դիտում article-date 21:19 06-05-2016

Բաքուն հերթական անհիմն և անհեթեթ քայլն է կատարում` փորձելով տոլման ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում` իբրև «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր

Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է: Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում: Հայ ժողովուրդն ստեղծել է հարուստ մշակույթ իր ուրույն դրևորումներով` այն հարստացնելով հարևան երկրների մշակույթներով և ինքն էլ հարստացնելով այլոց, բայց երբեք ոտնձգություն չկատարելով որևէ մշակույթի նկատմամբ: Իսկ ահա հարյուր տարուց պակաս պատմություն ունեցող հարևան պետությունը փորձում է իրեն վերագրել բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդների ավանդույթները, պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ձեռքբերումները: Դա վերաբերում է նաև միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականությանը և ձեռնարկված քայլերին: Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով: Այսպես. մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, և երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության: Հայ ժողովուրդն այս հարցում ունի իր հիմնավոր նկատառումները, դիտարկումներն ու պատմական փաստերը: Բայց մենք ամենևին մտադրություն չունենք քննարկումներ ու վեճեր ծավալել հարևան ժողովուրդների արժեքների հաշվին ինքնահաստատման նպատակ հետապնդող մի գործընթացի շուրջ, որն իր տեսակով ոչ նոր է, ոչ էլ արդյունավետ: Այժմ Բաքվի իշխանությունները հերթական անհիմն և անհեթեթ քայլն են կատարում` փորձելով տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրև «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր: Սեփական ինքնությանը պարբերաբար չվստահելով և հույսը դնելով այլ ժողովուրդների վրա, հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելուց առաջ պարզապես չպետք է մոռանալ մյուս բոլոր ժողովուրդներին, որոնք դրա կրողն ու կիրառողն են: Հիշեցնենք, որ [b]«թյուրքեր» տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խումբ, որի մեջ են ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները և այլ ազգեր։ Եթե անգամ տոլման տարածված լինի այս բոլոր ազգերի շրջանում, չպետք է մոռանալ նաև արաբական, բալկանյան, սլավոնական աշխարհը, և, ի վերջո, հայկական ավանդույթները: [/b] Հնագույն մշակույթ, եզակի այբուբեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազարամյակների պատմություն ունեցող հայկական էպոս, խաչքար ու դուդուկ, և ընդհանրապես՝ հսկայական մշակութային ժառանգություն ունեցող և անտիկ ժամանակներից ամենատարբեր գրավոր աղբյուրներում հիշատակվող մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարող ներքաշվել կերակրատեսակի շուրջ ադրբեջանական կողմի հրահրած բանավեճի մեջ: Մեր հարևան պետությունն այսօր քաղաքականացնում և վեճի առարկա է դարձնում գրեթե ամեն ինչ, չգիտակցելով, որ մշակույթն առհասարակ ստեղծվում ու զարգանում է հանուն քաղաքակրթության և խաղաղության: Իսկ խաղաղությունը մարդկության ամենաթանկ արժեքն է: [b]ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար[/b]

Նմանատիպ նյութեր