211652_close_icon
views-count2663 դիտում article-date 15:35 07-05-2016

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետի հետ

Մայիսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին: Վարչապետը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արդյունավետ աշխատանք մաղթելով վերջինիս՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպան Մկրտչյանն, ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը և արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում, կարևորվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարկ տալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվեցին առաջիկայում երկու երկրների վարչապետների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը Բեյրութում անցկացնելու հնարավորությունները: Կողմերը համակարծիք էին, որ դա նոր խթան կհաղորդի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և բազմազանեցմանը: Լիբանանյան կողմին պարզաբանվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ շուկաներ դուրս գալու հեռանկարները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Զրուցակիցները բարձր գնահատեցին լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Դեսպան Մկրտչյանը վարչապետ Սալամին տեղեկացրեց Հայաստանի 25-ամյա անկախության առթիվ այս տարի Լիբանանում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին: Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ազզի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նախարար Ազզիի մասնակցությանը ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 2-րդ գլոբան ֆորումին» և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ վերջինիս հանդիպումներին: Քննարկվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և համապատասխան շուկաները երկու երկրների աշխատուժի համար հասանելի դարձնելու հեռանկարները:

Նմանատիպ նյութեր