211652_close_icon
views-count2987 դիտում article-date 19:08 09-05-2016

ՀԱԿ-ը, ըստ ամենայնի, չի մասնակցի Արցախը ճանաչելու մասին նախագծի քվեարկությանը, որովհետև ոչ ՀԱԿ-ի ձեռը կգնա դեմ քվեարկելու, ոչ էլ՝ կողմ

«Հայ ազգային կոնգրես»-ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լեռնային Ղարաբաղի ճանաչման խորհրդարանական քվեարկությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Հաղթանակ զբոսայգում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ օրինագծի առնչությամբ նշելով, որ Լևոն Տեր Պետրոսյանի ասածին ավելացնելու ոչինչ չունի: Իսկ նա, հիշեցնենք, ասել էր, որ առանց միջազգային կառույցների աջակցության, ՀՀ-ի կողմից Ղարաբաղի անկախությունը միակողմանի ճանաչելը կբերի աղետալի հետևանքների: «Ավելի լավ է՝ ընդհանրապես չքվեարկել, որովհետև մեր ձեռը չի գնա դեմ քվեարկելու, անգամ՝ ձեռնպահ քվեարկելու», -լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Օրինագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանի հայտարությունների, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն տեսակետի կապակցությամբ Լևոն Զուրաբյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանի կարծիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր համար բացարձակապես կարևոր չէ: Հիշեցնենք, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, փաստացի կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից: «Ըստ էության, աշխարհի գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահներն ընդունել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ցույց են տալիս այն ուղին, որով այդ ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի»,- նկատեց Լևոն Զուրաբյանը և կրկնեց, որ դրանով Հայաստանը ընդամենը Ադրբեջանին տալու պատերազմ սկսելու արդարացում: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր