211652_close_icon
views-count1641 դիտում article-date 09:51 25-04-2014

Ըստ ամենայնի, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Նախորդ օրվա իրադարձությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Թուրքիա հարթության վրա այնուամենայնիվ, իրադարձություններ տեղի են ունենում։ Ըստ ամենայնի, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով։ Ավելի ճիշտ, ոչ թե իրար հետ են բանակցում, այլ միջնորդի հետ, ով ուղերձներ է փոխանակում երկու կողմերին։ Սերժ Սարգսյանի խոսնակը նախորդ շաբաթ քաղաքական հայտարարություն խոստացավ Հայոց Ցեղասպանության թեմայով։ Քաղաքական շրջանակներում հասունացել էր սպասելիքը, որ Սարգսյանը ետ է վերցնելու Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։ Ինչպես և պատշաճում է, Սարգսյանը նման մտադրության մասին, թերևս, տեղյակ է պահել ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին և ուրեմն, լուրը հասել է նաև Թուրքիա։ Էրդողանն էլ, իր հերթին, տեղյակ է պահել, որ պատրաստվում է պատմության մեջ առաջին անգամ ուղերձ հղել Ապրիլի 24-ի թեմայով։ Եվ ահա, միջնորդները Սերժ Սարգսյանին համոզել են ստորագրությունը ետ կանչելու հայտարարություն չանել, քանի դեռ Էրդողանը հանդես չի եկել հայտարարությամբ։ Էրդողանի հայտարարությունից հետո էլ նման քայլ անելը կդիտվեր ապակառուցողական։ Ու որքան էլ հայկական կողմից քննադատական ուղերձներ լինեն Թուրքիայի վարչապետի ուղերձի կապակցությամբ, ակնհայտ է, որ թե նրա և թե Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ուղերձները շփման եզրեր ունեն։ Էրդողանը առաջին անգամ ցավակցություն է հայտնում Եղեռնի զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցում զոհերին, իսկ Սերժ Սարգսյանն առաջին անգամ ընդունում է, որ եղել են թուրքեր, ովքեր հայերին փրկել են կոտորածներից»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր