6522 դիտում
15:53 11-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
«Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի արդյունավետ են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 20-30 տոկոս աճ, ընդ որում, այստեղ մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսերի ոչ միայն ավանդական, այլև նոր սորտեր: Ներկայումս կենտրոնը վերակառուցման փուլում է, և այժմ կառուցվում է ժամանակակից ջերմոցային տնտեսություն, որտեղ ոռոգումն իրականացվելու է կաթիլային համակարգի միջոցով, իսկ սերմարտադրության ողջ գործընթացը այժմ մեքենայացվում է: Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս բարձրացնել ոչ միայն արտադրողականությունը, այլև ապահովել սերմերի և մշակաբույսերի բարձր որակը», – նշել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցների կառուցումից հետո ներդրված նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կդառնա բավարարել գյուղացիական տնտեսությունների տեղական սորտերի պահանջարկի մոտ 60 տոկոսը:
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանն իր հերթին նշել է, որ մինչ այժմ Կենտրոնը հնարավորություն ուներ ապահովել տեղական սերմերի և սածիլների պահանջարկի ընդամենը 15 տոկոսը, և կենտրոնի վերազինումը խիստ արդիական է:
Կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի խոսքով` կենտրոնի տեխնիկական հզորացումը թույլ կտա ոչ միայն ավելացնել Կենտրոնում սերմարտադրության և սածիլի արտադրության ծավալները, այլև կստեղծվեն բարենպաստ պայմաններ մշակաբույսերի նոր, ինտենսիվ սորտերի ստեղծման համար: Նա նաև հավելել է, որ Կենտրոնում աշխատում է 33 գիտնական, որոնց աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին շրջանացվել են 18 մշակաբույսերի 35 նոր սորտեր:
Կենտրոնը համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի և «Հյուման դիգնիթի ընդ փիս» կազմակերպության հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ, ապահովելով դրանց փոխադրումը և մատուցելով խորհրդատվական ծառայություններ:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Աջակցություն Հայաստանում բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության համակարգի զարգացման» ծրագրի շրջանակներում Կենտրոնին 2015 թ-ին տրամադրվել են սերմարտադրության հոսքային գծեր (սերմհանող, սերմաքրող, սերմչորացնող, սերմտեսակավորող, սերմախտահանող, սերմփայլեցնող, և սերմփաթեթավորող), որոնց մի մասը ժամանակավոր տեղադրված են և շահագործվում են, մյուսները կտեղադրվեն շինարարական աշխատանքների ավարտից հետո:
Գիտական կենտրոնում CARMAC-2 ծրագրի՝ «Գյուղատնտեսական կառուցվածքների հզորացում» բաղադրիչի շրջանակներում, 2015թ. նոյեմբերից սածիլների արտադրության հնարավորությունների հզորացման նպատակով կատարվում են 0,6 հա ջերմատան և կից շինության վերանորոգման աշխատանքներ: Ներկայումս մասնակի վերանորոգվել են 0,3 հա ջերմատունը, կից շինությունը, կաթսայատունը և ջեռուցման համակարգը: Աշխատանքները շարունակվում են և կավարտվեն 2016թ. վերջին:
Վերը նշված ծրագրի շրջանակներում սածիլների աճեցման համար Կենտրոնին տրամադրվել է նաև սերմնացան հոսքային գիծ, որը կտեղադրվի և կշահագործվի ջերնատան վերանորոգումից հետո:
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
14:50 21-02-2014
Սերգո Կարապետյանն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
973 դիտում
15:15 14-04-2015
Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»