211652_close_icon
views-count3132 դիտում article-date 10:23 16-05-2016

Մահացել է հայ անվանի գեղանկարիչ Արշոն

Ծանր հիվանդությունից հետո մայիսի 14-ին` երեկոյան 75 տարեկան հասակում [url=https://armenpress.am/arm/news/847295/mahacel-e-hay-anvani-gexankarich-arshon.html]մահացել [/url]է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա մայիսի 16-ին` ժամը 17:30-20:00` Թևոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում: Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ.-երին դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է: Նկարչի աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաև ՀՀ տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարանում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում և այլուր): Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով և գույների յուրօրինակ համադրումով: Արշոն նկարահանվել է «Պատմության 36 պահապանները» ֆիլմում`մարմնավորելով Մեսրոպ Մաշտոցին: Ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն:

Նմանատիպ նյութեր