211652_close_icon
views-count103490 դիտում article-date 11:50 26-05-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Դիլիջանում. քաղաքապետարանի մոտ հավաքված մեծ թվով բնակիչներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների. նրանց հույսը ՀՀ վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջան քաղաքի Այգեստան, Վախթանգ Անանյան, Կամոյի և մի քանի թաղամասերի, ինչպես նաև Հաղարծին, Գոշ, Թեղուտ և մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ և արդարացիորեն բարձրաձայնում են, որ տեղի անտառտնտեսության ղեկավարությունը առանց պատճառաբանությունների թույլ չի տալիս, որպեսզի բնակիչները անտառից հավաքեն բնական աղետի հետևանքով կոտրված ու թափված ծառերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ ասում էին. «Կոմունիստների ժամանակ գումար էին տալիս քաղաքացիներին, որ անտառները մաքրեին էդ թափոններից: Հիմա մենք մեր հոժար կամքով գնում ենք՝ թափոնները հավաքելու, մեզ անկապ տեղը բռնում, տուգանում են: Ոչ մի անգամ անտառ չենք մտել՝ ծառեր կտրելու, անտառը ոչնչացնելու, այլ էդ թափված ճյուղերն ու տապալված ծառերը մեծ դժվարությամբ հավաքում ու տեղափոխում ենք՝ մեր տները տաքացնելու: Լիքը տներ կան, որ գազ չունեն և մեր էրեխեքի լողանալու հարցերը, սնվելու հարցերը լուծում ենք էդ հավաքած ծառերով: Հիմա ի՞նչ են էկել հայտնի հեքիաթի յոթ գլխանի հրեշի նման նստել անտառի պռունկում ու սաղիս ստիպում, որ կամ արտագաղթենք, կամ գնանք գողություն անենք, որ կարանանք մեր մատղաշ էրեխեքին պահենք»: Մեծ թվով ակցիայի մասնակիցներ նաև ասում էին. «Լիքը էրեխեք ունենք, որ հիմա պոստերն են պահում, եթե պետք լինի, մենք էլ նաղդ գնացող ենք պոստեր: Բայց որ գիտես, զինվոր տղեդ պոստերը պահելուց հետո զորացրվելու է ու գա տուն ու առանց գազի տանը չկարողանա մի տաք ճաշ ուտի, ոչինչ չես կարող ասել: Բազմիցս դիմել ենք անտառտնտեության ղեկավարությանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, սակայն միշտ հայտնվել ենք «Նամակ ռուսաց թագավորին» հայտնի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Մենք ուզում ենք հարցը լուծվի քաղաքակիրթ, եթե պատկան մարմինները այս անգամ չընդառաջեն մեզ ու թույլատրեն, որպեսզի անտառներից հավաքենք թափոններն ու տապալված ծառերը, մեր գոյությունը պաշտպանելու համար, ապա ստիպված չի բացառվում, մի սիրուն օր էլ դիմենք ծայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհը, բայց մենք, կրկնում ենք, չենք գնում այդ ծայրահեղ քայլին: Ուզում ենք նաև դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հավատում ենք, որ եթե վարչապետը կանգնեց գառնեցիների թիկունքին, ապա մեր թիկունքին էլ կկանգնի, ինչի շնորհիվ, հավատացեք, Դիլիջանում արտագաղթը որոշ չափով կկանգնի»: *** 12:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այս պահին ակցիայի մասնակիցների հետ Դիլիջանի քաղաքապետարանի առջև հանդիպեցին Տավուշի մարզպետն ու Դիլիջանի քաղաքապետը: Մարզպետը հայտարարեց, որ ինքը խոսել է պատկան մարմինների հետ և ոչ մի խոչընդոտ չի լինի, և մարդիկ կարող են ազատ անտառից հավաքել թափոնները: Մարզպետը նաև հանձնարարեց քաղաքապետին, որպեսզի կատարեն հաշվարկ և լուծեն մի քանի տների գազաֆիկացման հարցը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր