211652_close_icon
views-count72374 դիտում article-date 12:00 06-10-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Նիգավան գյուղում. դատավորների պատճառով գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղի մոտ 8 ընտանիք՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նիգավան գյուղ մտնող խաչմերուկը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել մի քանի տարի կարուսել նստես։ Դատավորների պնդաճակատության արդյունքում ողջ գյուղը դիվադադար են արել։ Առաջին ատյանի դատարանում կարողանում ենք ապացուցել մեր անմեղությունը, որտեղ դատական քննությունը անցել է օբյեկտիվ և արդար, սակայն, չգիտես ոնց, վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը 180 աստիճան շուռ են տալիս։ Մենք չէինք դիմի այս ծայրահեղ միջոցին, սակայն արդեն համբերության բաժակը լցվել է։ Մեր հույսը նորընտիր վարչապետն է, ով, կարծես թե, պայքար է սկսել հուռի բարքերի դեմ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի համանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Վերջիններս բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ խոստանալով, որ նրանց բարձրաձայնած խնդիրը իրենք կտեղեկացնեն համապատասխան մարմիններին, սակայն այս պահին գյուղացիները հրաժարվում են ճանապարհը բացել։ «Ես՝ Օնիկ Շահբազյանս, Սովետաշենի ավտոշուկայից ավտոմեքենա եմ գնել գյուղացիների գումարի դիմաց, իսկ հետո մեքենան դրել եմ վաճառքի, որպեսզի ստացված գումարը հետո բաժանվի այդ 8 ընտանիքների միջև։ Սակայն 40 օր անց հարկադիրից ստանում ենք գրություն, որ մեքենան պիտի վերցվի կալանքի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում տեղեկանում ենք, որ այդ մեքենան, ումից որ գնվել է, ինքն էլ գնել է ուրիշից՝ գումարը մաս-մաս վճարելու պայմանագրով։ Սակայն նախկին տերն ասում է, որ իրեն գումար չեն տվել և գործարքը շինծու է։ Չգիտես ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշում է, որ մեքենան պետք է հետ վերադարձվի։ Որոշումը բողոքարկվում է վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարում է, այսինքն՝ որ գնորդը՝ ես, բարեխիղճ եմ, օրինական ճանապարհով մեքենան գրանցվել է իմ անվամբ։ Այնուհետև մեքենայի նախկին տերը դիմում է Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչի բողոքը բողոքարկելու, սակայն դեռ չստացած վճռաբեկի որոշումը, մի նոր հայցով մտնում է առաջին ատյանի դատարան, իբր այդ մեքենան հանդիսանում է գրավի առարկա, և իրավունք չունեին ինձ վաճառելու։ Սակայն ի՞նչ գրավի մասին է խոսքը, երբ կալանք չկար դրված, և Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մի մուրճի հարվածով որոշում է, որ մեքենան գրավի առարկա է, իսկ երբ մենք հարց ենք բարձրացնում, որ կա՞ արդյոք փաստաթուղթ, որ մեքենան գրավի առարկա է, վերաքննիչ դատարանը, նայելով գործին, ասում է, թե բավարար հիմքեր չես բերել, և առաջին ատյանի որոշումը թողնում է անփոփոխ։ Մի՞թե կարելի է նման դատ անցկացնել։ 2 տարի է, որ մեքենան կալանքի տակ է պահվում անհիմն կերպով։ Հիմա մեր արդար բողոքն է, որ մեր ձայնը հասցնենք վարչապետ Կարեն Կարապետյանին ու Արդարադատության նախարարությանը»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Օնիկ Շահբազյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր