211652_close_icon
views-count2023 դիտում article-date 21:56 27-05-2016

Տեղի ունեցավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի աշխատանքային այցը Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգ

Մայիսի 24-25-ը տեղի ունեցավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի աշխատանքային այցը Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգ։ Դեսպանը հանդիպեց նահանգապետ Էլիզաբեթ Նիլսոնի հետ։ Քննարկվեցին Հայաստանի և Շվեդիայի մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկկողմ կապերի սերտացման վերաբերյալ։ Այցի ընթացքում դեսպան Ապիտոնյանը հանդիպում ունեցավ նահանգում գործող մի շարք մեքենաշինական, գյուղատնտեսական և այլ ընկերությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեության հիմնական ուղղությունները։ Դեսպան Ապիտոնյանը շվեդ գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվական նյութեր։ Մտքեր փոխանակվեցին հայաստանյան ձեռնարկությունների հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Դեսպան Ապիտոնյանը այցելեց նաև Լինշյոփինգի համալսարան և հանդիպում ունեցավ համալսարանի պրոռեկտոր Ֆոլկե Սյոբերգի հետ։ Դեսպանը գոհունակություն հայտնեց ԵՄ «Erazmus+», ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ազգային և ոլորտային որակավորումների ներդրման «TEMPUS ARMENQA» ծրագրերի շրջանակներում հայաստանյան մի շարք բուհերի հետ Լինշյոփինգի համալսարանի շարունակական համագործակցության կապակցությամբ՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել այդ հենքի վրա էլ ավելի ընդլայնել միջբուհական փոխանակումները` մասնավորապես շեշտը դնելով ուսուցիչների վերապատրաստման, ուսանողների փոխանակման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների և փորձի փոխանակման ծրագրերի վրա։ Այցի շրջանակներում դեսպան Ապիտոնյանը հանդիպում ունեցավ նաև Լինշյոփինգում գտնվող Մյերդեվի տեխնոպարկի տնօրեն Լենա Միրանդայի հետ։ Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ձեռնարկությունների հետ համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր