211652_close_icon
views-count3973 դիտում article-date 13:26 28-05-2016

Անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերն իրենց արժանի տեղն զբաղեցրին մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ: Իր բազմադարյա պատմության ընթացքում հայը բազմիցս է համոզվել, որ անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը եւ սեփական ուժերին ապավինումը: Դա ցույց տվեց նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ Ադրբեջանը մեկ անգամ եւս փորձ արեց իրականացնել իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն` չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից եւ ոչ մեկը: Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ` անել ամեն ինչ, որպեսզի հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը համախմբված ու միասնական աշխատանքն է, համայն հայության ներուժի եւ յուրաքանչյուրի ջանքերի համադրումը` ի շահ կարեւորագույն համազգային խնդիրների լուծման: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ եւ գնալ դեպի հուսալի ապագա: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր