3558 դիտում
20:30 10-06-2016
ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում քաղաքական հռչակագիր
Մարդկությունն այսօր հնարավորություն է ստացել առաջիկա 5 տարիներին արմատապես փոխելու ՄԻԱՎ վարակի համաճարակի հետագիծը: Այս մասին իր ելույթում հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպման բացման արարողության ժամանակ:
ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներն ընդունեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում քաղաքական նոր հռչակագիր` պարտավորվելով վերջ դնել համաճարակին մինչև 2030թ.: Նոր հռչակագիրը հաստատում է համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվությունը:
Քաղաքական հռչակագրում ՄԱԿ-ի անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնել առ այն, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր է աշխարհի բոլոր տարածաշրջանների համար: Պետությունները հայտարարել են «90-90-90» նպատակներին հասնելու իրենց հանձնառության մասին, հաստատել են, որ ոչ մի երկիր դեռևս վերջ չի դրել ՁԻԱՀ-ի համաճարակին և, որ որևէ երկիր իրեն չի կարող թույլ տալ նահանջելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման միջամտություններից նաև Կայուն զարգացման օրակարգի իրականացման համատեքստում ընդունել են, որ մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի դադարեցումը հնարավոր կլինի միայն մինչև 2020թ. գործողությունների արագացման նպատակների կատարման պարագայում:
Հավելենք, որ Հռչակագրի նախագծի բուռն քննարկումների արդյունքում Հայաստանի կողմից արված առաջարկները ներառվել են Հռչակագրի վերջնական տարբերակում:
Նշենք նաև, որ հունիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման միջոցառումների շրջանակներում կազմակերպված «Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դեղերի հասանելիության բարձրացման և ՁԻԱՀ-ի համաճարակի կասեցման մոդել» խորագրով պանելային քննարկմանը։
Միջոցառման կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը, Ֆրանսիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունները, UNITAID և Medicines patent pool կազմակերպությունները: Քննարկումներ ծավալվեցին հակառետրովիրուսային դեղերի և բժշկական նշանակության ապրանքների կամավոր և պարտադիր լիցենզավորման գործընթացների առանձնահատկությունների ու կարևորության շուրջ` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դրանց հասանելիության մեծացման համատեքստում: Ելույթ ունեցողները ներկայացրեցին աշխարհում այս բնագավառում առաջավոր փորձը:
Անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ վարակի համաճարակի տարբեր փուլերում գտնվող երկրների կողմից այս կամ այն ռազմավարության կիրառման հնարավորությունները:
Հայաստանյան պատվիրակները նույն օրը մասնակցեցին նաև «Հաղթահարելով բուժման ճգնաժամը. զործողությունների օրակարգ 90-90-90 թիրախներին հասնելու համար» խորագրով պանելային քննարկմանը, որի հիմնական հարցերն էին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար բուժման հասանելիության ու դրա շարունակականության ապահովումը։ Խոսվեց այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են «90–90–90» թիրախներին (ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ն իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ը ստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացողների 90%-ի մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն իջնի մինչև չհայտնաբերվող մակարդակ) հասնելու և որակյալ ու մատչելի դեղերի հասանելիությունն ապահովելու համար:
Չնայած ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության հարցում առաջընթացին՝ աշխարհում դեռևս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կեսը չգիտի իր կարգավիճակի մասին, ինչի հետևանքով ՄԻԱՎ-ով ապրող շուրջ 22 մլն մարդ չի ստանում հակառետրովիրուսային բուժում և հետևաբար չի անցնում վիրուսային ծանրաբեռնվածության մոնիտորինգ։ Ուշ ախտորոշումը շարունակում է մնալ բուժման ծավալների ավելացման հիմնական խոչընդոտն այն դեպքում, երբ ԱՀԿ-ն առաջարկում է սկսել հակառետրովիրուսային բուժումը հիվանդության ախտորոշումից անմիջապես հետո։ Նշվեց, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները պետք է ավելացնեն ներքին ֆինանսավորումն իրենց երկրներում հիվանդության բեռին համարժեք։ Սակայն շատ երկրներ ի զորու չեն սեփական ֆինանսական միջոցներով առանց միջազգային օժանդակության հասնելու նախանշված թրիախներին։
Մեկ անգամ ևս ընդգծվեց, որ մինչև 2030թ․ՁԻԱՀ-ի համաճարակի՝ որպես հանրային առողջապահության սպառնալիքի վերացումը հավակնոտ է, բայց և իրատեսական։
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
13:07 27-04-2016
Հայաստանում է ԱՀԿ և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի փորձագիտական խումբը
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված