211652_close_icon

Վերջին հրաժեշտը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում հայ ժողովրդական երգարվեստի չգերազանցված գագաթ Օֆելյա Համբարձումյանին

views-count3561 դիտում article-date 20:15 15-06-2016
Մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարդիկ հրաժեշտ են տալիս հայ ժողովրդական երգարվեստի մեծագույն երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին, ով կմնա որպես ՝ Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի ստեղծագործությունների անզուգական կատարող: Այստեղ են ՀՀ քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «ՕՖելյա Համբարձումյանը լեգենդ էր, հայ ժողովրդական երգի թագուհի, մենք իրոք մեծություն կորցրեցինք արվեստի դաշտում»,- լրագրողների հետ զրույցում երգչուհու կորստի կապակցությամբ իր խոսքն ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ , գնահատելով Օֆելյա Համբարձումյանի ավանդը հայ երգարվեստի տարածման ու զարգացման գործում նշեց, որ Օֆելյա Համբարձումյանի ձայնը, երբ հնչում էր, ժողովրդին ոտքի էր կանգնեցնում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, Օֆելյա Համբարձումյանը աշուղական, ժողովրդական արվեստը բարձրացրեց մի ուրիշ  մակարդակի և դրեց այն ճիշտ տեղում, որ պետք է զբաղեցներ: «Սովորաբար, երբ որևէ մեկի վաստակն ուզում ենք գնահատել, ասում ենք՝ հատուկ դերակատարություն ուներ: Շատ անգամ միգուցե մեխանիկորեն ենք արտասանում, բայց Օֆելյա Համբարձումյանի դեպքում կարող ենք վստահորեն ասել: Նա ստեղծեց կատարողական արվեստի մի դպրոց, որից դեռ սերունդները կօգտվեն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ի առավոտյան, 91 տարեկանում: Նրա հուղարկավորությունը կկայանա վաղը, իսկ աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Նմանատիպ նյութեր