211652_close_icon
views-count1309 դիտում article-date 18:16 16-06-2016

Երևանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովը

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը։ Հայաստան են ժամանել շուրջ 40 միջազգային մրցույթների (Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի, Մոնրեալի միջազգային մրցույթներ և այլն) տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Նշենք, որ Հայաստանից WFIMC-ին 2013 թվականից անդամակցում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ WFIMC-ի հոբելյանական վեհաժողովը մեկնարկել է էթնոդասական անսամբլի գեղեցիկ կատարումներով։ Անսամբլի անդամները արտասահմանցի հյուրերին ներկայացնում էին նաև հայկական նվագարանները1, պատմում իրենց կատարած ստեղծագործությունների մասին։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատել է, որ Հայաստանը տարածաշրջանային միակ պետությունն է, որն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթով անդամակցում է այս ֆեդերացիային և վերահաստատում իր դասական կատարողական արվեստի բարձր որակը: «Այս կազմակերպություն մուտք գործելու համար պետք է համապատասխանել մի շարք չափանիշների, շատ հպարտ ենք, որ կարողացանք հաղթահարել այդ շեմը,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հյուրերն իրենց մեծ գոհունակությունն են հայտնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարողական որակի վերաբերյալ,- դա նշանակում է, որ այս նվագախումբն իր միջազգային համագործակցության շրջանակներում մոտ ապագայում կունենա է՜լ ավելի մեծ հեռանկարներ, քան այժմ, թեև այս պահին էլ նրանք բավականին ակտիվ են»։ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիեր Շնոխքը նկատեց, որ վեհաժողովի հիմնական նպատակը ֆեդերացիայի անդամ մրցույթների հետ այն հարցերի1 քննարկումն է, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը։ «Դուք ունեք հրաշալի մրցույթ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Հայերը հանդես են գալիս տարբեր միջազգային մրցույթներում, և մենք գիտենք, թե դուք ինչ տաղանդավոր եք և մշտապես բարձր մակարդակով եք ներկայացնում ձեր երկիրը, ձեր մշակույթը տարբեր հարթակներում»,- նշել է Դիդիեր Շնոխքը։ « Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ այս օրերին Հայաստանում համախմբվել են աշխարհի լավագույն միջազգային մրցույթների ներկայացուցիչները. «Մեզ համար կարևոր և առաջնային է այն հարցը, որ Արամ Խաչատրյանը հնչի նաև այդ հեղինակավոր մրցույթների շրջանակներում: Յուրաքանչյուր միջազգային մրցույթ ունի իր պարտադիր ծրագիրը, որից մասնակիցը կարող է ընտրել, և ցավոք, պետք է նշել, որ այս պահի դրությամբ Խաչատրյանի կոնցերտները ներառված չեն այդ հեղինակավոր մրցույթների ցանկերի մեջ: Կարող եմ վստահեցել, որ Խաչատրյանը հնչելու է, որակով է հնչելու և հեղինակավոր համերգասրահներում»։ Աննա Տեր-Հովակիմյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր մրցույթ, անդամակցելով միջազգային այս ֆեդերացիային, անընդհատ պետք է կատարելագործվի, ցույց տա, որ համապատասխանում է միջազգային չափանիշներին և կարող է լինել այդ մեծ ընտանիքի անդամ։ Նշենք, որ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան հիմնադրվել է 1957 թվականին Ժնևում։ Այն աշխարհի երաժշտական մրցույթները կառավարող մարմին է, որը ներկայացնում է 115 առաջատար երաժշտական մրցույթների շահերը։ Շուրջ 40 միջազգային1 պատվիրակություններ Մատենադարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվող նիստերի ընթացքում կքննարկեն օրակարգային հարցեր, կներկայացնեն ձեռքբերումները, կխոսեն մարտահրավերների մասին։ Պատվիրակները կծանոթանան նաև հայկական մշակութային ժառանգությանը։ 60-րդ գլխավոր համաժողովի շրջանակներում հունիսի 16-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա WFIMC-ի դափնեկիրների գալա համերգը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Գեորգի Չաիձեն, բարիտոն Արիուբաթար Գանբաթարը, ջութակահար Բարնաբաս Կելեմենը, ալտահար Կատալին Կոկասը։ Համերգը1 կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Նմանատիպ նյութեր