1964 դիտում
21:15 20-06-2016
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, և երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այլև ֆրանսիական գործարար շրջանակների լայն ներգրավվածությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում մեծ ներդրում ունի ֆրանսահայ համայնքը, և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքի համար:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է տիկին Վասալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման տեսանկյունից և ընդգծել, որ այն տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ է պարունակում: Վարչապետը նշել է, որ ՀՀ շուրջ 2 տասնյակ շրջաններ և համայնքներ, ներառյալ` Երևանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների ու շրջանների հետ, որոնց թվում է նաև հայաշատ Մարսելը, և պատվիրակության այցը կխթանի երկկողմ ապակենտրոնացված համագործակցության խորացումը:
Իր հերթին տիկին Վասալը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան և բավական տպավորված է մեր երկրում արձանագրված զգալի առաջընթացով: Նա նշել է, որ այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Էջմիածնում և մասնակցել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որը գործում է «Բարձունք 5165» ֆրանսահայ կազմակերպության (Մարսել) հովանավորությամբ, ապա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև համատեղ ծրագրերի ընթացքից և ընդգծել, որ դեպարտամենտը շարունակելու է աջակցել Հայաստանին զարգանալ և հզորանալ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի հետագա ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և 2016 թ. ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին: ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն էր, և հայկական զինված ուժերն արժանի հակահարված հասցրին հակառակորդին: Երկուստեք անընդունելի են համարվել Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունները և կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:
Նմանատիպ նյութեր
781 դիտում
15:59 09-04-2024
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1253 դիտում
16:29 20-11-2021
Արցախի ԱԺ նախագահին ու ՏԿԵ նախարարին ընդունել է Ֆրանսիայի Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
841 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
904 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին