211652_close_icon
views-count1840 դիտում article-date 19:29 22-06-2016

«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի». Հերմինե Նաղդալյան

Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման է դրվել «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով` խստորեն դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը: Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին եւ Վուցկովիչին զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի եւ դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ այդ փաստաթուղթն առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան ,պետք է անհապաղ անդրադառնաե: Այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը: Ի թիվս բազմաթիվ խնդիրների եւ լուրջ խախտումների` օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջեւ հարաբերությունների հաստատման ոլորտներում, զեկույցում նաեւ հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցությանն ու սահմանափակումներին, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների եւ շարքային քաղաքացիների հետապնդմանը: «Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում եւ ճնշվում է Թուրքիայում»,- իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի՝ հիշատակելով Հրանտ Դինքին՝ հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին: «Դինքը բարձրացնում էր հայերի Ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական եւ թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր. պայքարում էր մարդկային արժանապատվության եւ ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը: ԱԺ փոխնախագահն իր ելույթում մտահոգություն է հայտնել եւ եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը: «Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխենք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը: Իր երախտագիտությունը հայտնելով գերմանացի պատգամավորներին Բունդեսթագի կողմից ընդունված վերջին որոշման առիթով՝ Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ այդ որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ գերմանացի օրենսդիրներն ականատես եղան աննախադեպ ատելության կոչերի եւ ահաբեկման դրսեւորումների: Բանաձեւի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանն արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռեւս 1945-ին»: «Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- եզրափակել է Հերմինե Նաղդալյանը: Իր ելույթում Հերմինե Նադալյանն անդրադարձել է նաեւ մշակութային ժառանգության պահպանման խնդրին: «Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային եւ հոգեւոր հուշարձաններ, որոնք շարունակաբար եւ միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունը ներկայում շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով: «Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ եւ առաջին հերթին ի շահ Թուրքիայի՝ մոնիթորինգի գործընթաց սկսել այդ երկրում:

Նմանատիպ նյութեր