211652_close_icon
views-count2508 դիտում article-date 22:15 23-06-2016

Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա․ Նաիրա Կարապետյան

«Տիկնայք եւ պարոնայք, Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին գերազանց կատարած աշխատանքի համար: Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը՝ մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք եւ մտածենք, օր, երբ պետք է գործենք եւ հոգ տանենք: Միգրանտների եւ փախստականների խնդիրը վերաբերում է ողջ Եվրոպային, եւ մեր բոլորի համար թիվ մեկ եւ ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը եւ հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը եւ ընդունվելու այն նորի կողմից: Իմ ժողովրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները եւ նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկվեն կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով: Այսօր շատ փախստականներ բնակություն են հաստատել եվրոպական շատ երկրներում եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի աշխարհն այս կարիքավոր մարդկանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերի: Իմ երկիրն ապաստան է տվել շուրջ 30.000 փախստականների: Հայաստանն այն երկիրն է, որն ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ` այս մարդկանց գործարար ոլորտում տալով արտոնություններ լիարժեք ինտեգրվելու նպատակով: Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով: Եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների եւ այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի հոգատարությունը: Սա բնական է, բոլորս էլ մարդ ենք: Սակայն, Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն` Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանց քաղաքական շահարկումների եւ անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարեւան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ` ոչ: Զեկուցողը լավ աշխատանք է կատարել: Հունաստանն այսօր ունի մեր աջակցության կարիքը, Հունաստանի միգրացիոն ծառայությունն ունի մեր աջակցության կարիքը: Փախստականներին, հատկապես միգրանտ կանանց եւ երեխաներին պաշտպանելու անհրաժեշտություն կա: Շնորհակալություն, տիկին Ստրիք, այս կարեւոր եւ նրբանկատ թեմային անդրադառնալու համար»:

Նմանատիպ նյութեր