Հիշողությունների պուրակում այսօրվանից կա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի անունով եղևնի
Ցեղասպանության տուն-թանգարան այցելելուց հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գնաց Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնեց իր անունով տնկված եղևնին: Սա ՀՀ պաշտոնական արարողակարգի մաս է.
Ծիծեռնակաբերդ այցելող պաշտոնական արարողակարգի առաջին դեմքերը Հիշողությունների պուրակում իրենց անուններով ծառ են տնկում: Այսօրվանից իր անունից ծառ ունի նաև Ֆրանցիսկոս Պապը:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ Գրիգոր Նարեկացու արձանը կանգնեցվի Վատիկանում. Պապը մեծ ուրախությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի այս առաջարկը, ինչի մասին հայտնել է Վատիկանի Սուրբ աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին:
Նա մանրամասնել էր, որ արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը պաշտպանել են հայ բարերարները:
Նախօրեին նվերների փոխանակություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մի շատ խորհրդանշական նվեր է հանձնել Հռոմի պապին՝ մանրանկար, որի վրա Ֆրանցիսկոս Պապն է՝ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի ֆոնին, իսկ Ֆրանցիսկոս Պապը նվիրել է Տիրամոր խճանկար: