211652_close_icon
views-count2133 դիտում article-date 16:03 12-07-2016

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացման ու ամրապնդման գործին: Անդրադառնալով հայ և եթովպացի ժողովուրդների պատմական առնչություններին՝ Նախագահն ընդգծել է, որ դեռևս 7-րդ դարում կազմավորված Եթովպիայի հայ համայնքն իր նշանակալի ավանդն է ունեցել երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է մեր օրերում միջպետական հարաբերությունները զարգացնելու համար: Դեսպան Թեշոմեն նշել է, որ Եթովպիայում, իսկապես, շատ հպարտ են այն ներդրումով, որ դարեր շարունակ հայերն ունեցել են երկրում: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններ զարգացնելուց բացի, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Եթովպիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ Աֆրիկյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և համագործակցության զարգացման հարցերում իր երկրի ներդրումը բարձր գնահատելու համար և գոհունակությամբ նշել, որ Եթովպիան ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և միջազգային այլ խաղաղապահ առաքելություններում: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի և Եթովպիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մեխանիզմի ներդրման հարցերը: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր