211652_close_icon
views-count2313 դիտում article-date 23:22 12-07-2016

ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի խորհրդարանականներին

Հուլիսի 12-ին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Մկրտչյանին և Տաճատ Վարդապետյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ պատգամավորներին Արցախի խորհրդարանի հետ ակտիվ համագործակցության համար և բարձր գնահատել ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ու դրանից հետո նրանց՝ Արցախում լինելու և ամեն կերպ օժանդակելու պատրաստակամությունը, ինչը նոր որակ է հաղորդել երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին: «Տարիներ առաջ Հայաստանի և Արցախի միջև սկիզբ առած միջխորհրդարանական համագործակցությունն ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո հասել է նոր աստիճանի, որն արդեն ոչ միայն պաշտոնական և արարողակարգային է, այլև՝ ընդգծված բարեկամական ու գործընկերային»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Հադրութի շրջանի Տող գյուղում նախատեսված երիտասարդական բանակումին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կիսվել է առաջնագիծ կատարած այցի տպավորություններով և նշել, որ հանդիպելով զինվորներին՝ հերթական անգամ համոզվել են՝ ԼՂՀ սահմաններն անառիկ են: Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը, ով ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն է, նշել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ավելի հաճախակի դարձնի շփումներն Արցախի խորհրդարանի հետ՝ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և համապատասխան միջազգային կառույցներին ներկայացնելու համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, առայժմ ԼՂՀ ԱԺ-ը ընդգրկված չէ այս կամ այն միջազգային վեհաժողովում, մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր քննարկումները, որպեսզի նաև ձեզանից ստանանք Ղարաբաղին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդատվություններ և դրանք ներկայացնենք վեհաժողովներում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին է փոխանցել նաև հույն ժողովրդի և Հունաստանի խորհրդարանի պատգամավորների երախտագիտությունը ս.թ. մայիսի 19-ին ԼՂՀ ԱԺ խմբակցությունների կողմից պոնտոսցի հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու համար: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին կրկին անդրադառնալ խորհրդարանական համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու և միջազգային հարթակներում ծավալվող աշխատանքների արդյունավետության հարցերին: [b]ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր