211652_close_icon
views-count1168 դիտում article-date 19:54 01-09-2014

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան: Սեյմասի պատվիրակությունը հանդիպել է Արցախի խորհրդարանի՝ Լիտվայի հետ բարեկամության խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են օրենսդրական, կրթական, գիտական, մշակույթի և առողջապահության ոլորտներին: Այնուհետև Լիտվա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Լիտվայի Սեյմասում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը, նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համար միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ էր: Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն և Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման արդյունքները: Լիտվայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Դալիա Կուոդիտեն իր խոսքում նշել է, որ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ իրենք առաջնորդվել են այն գաղափարով, որ Արցախն առաջինն է նախկին Խորհրդային Միությունում բարձրացրել ազատության դրոշը և Արցախի ձայնը պետք է այժմ էլ լսելի լինի միջազգային հանրության կողմից: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին պարգևատրեց Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն ուղեկցում էին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և «Լիտվա-Հայաստան ֆորում»ի համադրող Արմեն Հայրապետյանը: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր