211652_close_icon
views-count2194 դիտում article-date 14:45 19-07-2016

Ծաղկաձոր են մեկնել նաև «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի հաշմանդամ մարզիկ ունեցող ընտանիքները

ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա են մեկնել նաև Երևանը ներկայացնող, հաշմանդամ մարզիկ ունեցող 11 ընտանիքները: Մինչ մեկնումը նրանց հետ հանդիպել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել է՝ երևանցի, այդ թվում նաև հաշմանդամ մարզիկներ ունեցող ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մաղթել են գերազանց մասնակցություն ու հաղթական վերադարձ: Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին հավաստիացրել են, որ թեև իրենց դեպքում կարևորը մասնակցությունն է, սակայն Ծաղկաձոր են մեկնում հաղթական տրամադրվածությամբ: «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը մեկնարկել է հուլիսի 18-ին և կշարունակվի մինչև հուլիսի 25-ը: Հիշեցնենք, որ հաշմանդամ մարզիկներ ունեցող ընտանիքները կմասնակցեն առանձին հաշվարկով: Մրցումների ավարտից հետո Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մրցանակները կհանձնի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքներին, իսկ գլխավոր մրցանակ գավաթը՝ ընդհանուր հաշվարկով հաղթող պատվիրակությանը:

Նմանատիպ նյութեր