211652_close_icon
views-count931 դիտում article-date 20:45 21-07-2016

Արդեն 2-րդ անգամ ԵՊՀ-ում անցկացվում է գիտաժողով, որի մասնակիցները կոչված են օգնելու օգնող մասնագետներին

Բալինտյան շարժման գաղափարներին հավատարիմ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետն ու Կիրառական հոգեբանության կենտրոնը նախաձեռնել են «Օգնող մասնագետների առողջության պահպանումը և բարելավումը: Բալինտյան շարժման դերը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս տարի, հայերից բացի, գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետներ: Բալինտյան շարժման նպատակն է աջակցել այն մասնագետներին, ովքեր մասնագիտական պարտականությունները կատարելիս այրվում, սպառվում են նաև հուզական առումով: Բալինտյան խմբային աշխատանքը ուղղված է հոգեթերապևտ-այցելու, բուժանձնակազմ-հիվանդ, ուսուցիչ-աշակերտ, սոցաշխատող-շահառու փոխհարաբերությունների ուսումնասիրությանը, ինչպես նաև մարդկանց հետ իրենց աշխատանքում անմիջականորեն առնչություն ունեցող այլ մասնագետների (փրկարարներ, լրագրողներ, օրինապահմարմիններիաշխատակիցներ) հուզական վիճակի կարգավորմանը: Գիտաժողովի այս տարվա ուղղվածությունը հենց այդ հուզական այրման կանխարգելումն է: «Մեր երկրում հոգեկան առողջության հետ կապված համարյա բոլոր հարցերն են դժվար առաջ գնում, բայց կոնկրետ այս ուղղությամբ արդեն ունենք արդյունքներ: 2014 թ.-ին մի խումբ մասնագետներով արտասահմանում վերապատրաստում ենք անցել, իսկ հիմա նրանք արդեն իրենց բալինտյան խմբերն ունեն և աշխատում են»,- նշեց ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը: Այսօր մեկնարկած քառօրյա գիտաժողովի բացման արարողության ժամանակ արտասահմանցի մասնագետներից ելույթ ունեցան Մեծ Բրիտանիայի բալինտյան միության նախագահ Դևիդ Ուոտը, Սանկտ Պետերբուրգի բալինտյան միության նախագահ Վլադիմիր Վինոկուրը, Համառուսաստանյան պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգայի նախագահ Վիկտոր Մակարովը, Բալինտյան միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Հայդե Օթթենը և ուրիշներ, ովքեր շնորհակալություն հայտնեցին այս հավաքը կազմակերպելու և մասնագիտական փորձով փոխանակվելու հարթակ ստեղծելու համար: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն ընդգծում է, որ այս գիտաժողովը շատ մասնագետների երազանքն էր: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ, ով նախկինում աշխատել է նաև սոցիալական ոլորտում, փաստում է, որ մեր երկրում շատ կարևոր է այս հարցի բարձրացումը. «Սոցիալական ոլորտի աշխատողներից քչերն են տեղյակ Բալինտյան շարժման մասին, և կարծում եմ՝ պետք է ակտիվ իրազեկման աշխատանքներ տանել ինչպես նրանց, այնպես էլ լայն հանրության շրջանում»: Գիտաժողովի ընթացքում, բանավոր զեկուցումներից բացի, լինելու են նաև միջազգային փորձագետների ղեկավարությամբ գործնական աշխատանքներ 5 զուգահեռ խմբերում: Դրանց մի մասն անցկացվելու է Երևանից դուրս:

Նմանատիպ նյութեր