211652_close_icon
views-count3865 դիտում article-date 23:53 29-07-2016

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 29-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ աշխատակազմի ղեկավարը նշեց. «Սիրելի արիտունցիներ, մոտեցավ այն պահը, որ դուք հրաժեշտ եք տալու «Արի տուն» ծրագրին և մեկնելու եք ձեր բնակության վայրեր, վստահ եմ, որ դուք Հայրենիքի մասին իմացաք ավելին, քան հնարավոր է սովորել դասագրքերից: Անկասկած դուք ավելի սիրեցիք Հայաստան աշխարհը և ձեր հոգում անթեղած սիրո այդ սերմերը կնձյուղվեն ու տարիներ անց պտուղներ կտան: Վստահ եմ, որ այստեղ դուք ձեռք բերեցիք նոր ընկերներ, նոր բարեկամներ, ձեր ներաշխարհը հարստացավ նոր տպավորություններով ու զգացողություններով, նոր գաղափարներով և դուք գիտակցեցիք, որ հայ եք, այս Երկրի տերն ու պահապանը, նրա զարգացման երաշխավորը, հին ու հարուստ մշակույթի կրողը, դուք հազար անտես թելերով կապվեցիք Հայրենիքին, զգացիք նրա ձգողականության զորությունը: Ուրեմն բարի ճանապարհ ձեզ և մոտ ապագայում բարի վերադարձ»: «Արի տուն» ծրագրի մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Վերջում հրաժեշտի խարույկի շուրջ արիտունցիները պարեցին ավանդական քոչարին: Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում էին 132 մասնակից՝ աշխարհի 15 երկրից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Վրաստանից:

Նմանատիպ նյութեր