4202 դիտում
17:59 30-07-2016
Ոստիկանությունը մեկ անգամ ևս կոչ է անում երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի
Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկանական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով և բաժանվել երկու մասի, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, իսկ նախկին սուր վարակիչ հիվանդանոցի մոտ՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը և Լևոն Բարսեղյանը: Երթը փաստացի ղեկավարող անձինք սկզբում հայտարարել են, որ ցանկանում են մտնել ՊՊԾ գնդի տարածք, իսկ հետագայում փորձել են ճեղքել անվտանգության գոտին պահպանող ոստիկանական արգելապատնեշը: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են արձակվել Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության զորքերի զինծառայող, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցներ:
Ոստիկանությունը բանակցություններ է վարել հավաքի փաստացի ղեկավարների հետ, մի քանի անգամ հորդորել է դադարեցնել բռնի գործողությունները և լքել նշված տարածքը՝ դրա համար տալով խելամիտ ժամանակ, սակայն հավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության պահանջները: Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ և սադրիչ նոր գործողություններ:
Գնահատելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի առկայությունը, ինչպես նաև հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու և այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը, ոստիկանությունն անկարգությունները կանխելու նպատակով ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ: Ընդ որում՝ գործողությունը սկսելուց առաջ հավաքի մասնակիցները նախազգուշացվել են դրա մասին, իսկ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք:
Իրավիճակից բխող անհրաժեշտ և հավաքի մասնակիցների վարքագծին համարժեք գործողությունների իրականացման ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով, ցավոք, վնասվածքներ են ստացել թե՜ ոստիկաններ, թե՜ հավաքի մասնակիցներ, և թե՜ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Գործողության իրականացման ընթացքում հավաքի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումներին վերաբերող ահազանգերի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
ՀՀ ոստիկանությունը կրկին փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում և դրան հարող տարածքում զինված խմբի հանցավոր գործողությունների և անօրինական հավաքների կազմակերպման հետևանքով պարբերաբար առաջանում են անկանխատեսելի հետևանքներով լի իրավիճակներ: Ուստի, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև նոր հանցանքների կատարումը հնարավոր է կանխել միայն հավաքն այլ վայր տեղափոխելու միջոցով:
Ոստիկանությունը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:
Միաժամանակ զգուշացնում ենք, որ այս պահանջներին չենթարկվելու և նոր իրավախախտումներ կատարելու դեպքում կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի և համարժեք բոլոր միջոցները:
Նմանատիպ նյութեր
6068 դիտում
15:15 16-07-2020
Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել. Արծրուն Հովհաննիսյան
1583 դիտում
13:59 18-11-2020
Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» դիմել է հանրահավաք անցկացնել ցանկացողներին
Այս բաժնից
622 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
568 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
649 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար