211652_close_icon
views-count1279 դիտում article-date 14:22 16-08-2016

ՀՀ ՄԻՊ-ը՝ Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին

Մ. Մազմանյանի կնոջ՝ Ք. Արամյանի օգոստոսի 5-ի դիմումի հիման վրա նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Քննարկման շրջանակներում, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Մհեր Մազմանյանին: Կատարված ուսումնասիրությունների և Մ. Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում իրականացնող մարմնին են ներկայացվել անձին արգելանքի վերցնելու հետևանքով առանց գոյատևման միջոցների մնացած անչափահասների խնամքի իրավունքի իրացման, ինչպես նաև Մ. Մազմանյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքի հետ կապված հարցերը և օրենքի համաձայն՝ պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: 2. Երևանի քաղաքապետարան է ներկայացվել Մ. Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը՝ առաջարկելով քննարկել այն: Կարևորվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնում Մ. Մազմանյանի ընտանիքը հաշվառելու, ինչպես նաև անապահով ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության ծրագրերում և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հարցերը: 3. ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել պարզաբանումներ տրամադրելու պահանջ Մ. Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված հարցի կապակցությամբ: 4. Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ աշխատանքներ են սկվել նաև միջազգային կազմակերպությունների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները նախնական ուսումնասիրություններ կատարելու համար այցելել են Մ. Մազմանյանի ընտանիքին: Այցելության ընթացքում նրանց կողմից գնահատվել են Մ. Մազմանյանի ընտանիքի առաջնահերթ կարիքները և անհապաղ լուծում պահանջող սոցիալական խնդիրները: Արդյունքում արդեն իսկ նախատեսվել է՝ կազմակերպել Երևանում Մ. Մազմանյանի երեխաների ուսումը, նրանց ապահովել գրենական պիտույքներով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով, երեխաներին տրամադրել հոգեբանական աջակցություն, ինչպես նաև աջակցել Ք. Արամյանին և նրա չափահաս զավակին աշխատանքով ապահովելու հարցում: Բացի այդ, առաջարկվել է նաև կազմակերպել երեխաների հանգիստը մանկական ճամբարում (այս հարցը ներկայում գտնվում է քննարկման փուլում): Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում բողոքի քննարկման ընթացքում ձեռք բերված այն տեղեկությունները կամ ձեռնարկված այն քայլերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների: Մենք կարևորում ենք ինչպես ՀՀ իրավասու պետական մարմինների, այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը, որն ուղղված է քաղաքացու բարձրացրած հարցերի լուծմանը նպաստելուն: Այսուհետ ևս, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր կարգավիճակի ողջ ծավալով գործադրվելու են բոլոր ջանքերը բողոքներում բարձրացված հարցերի հնարավորինս արագ և ամբողջական լուծման ուղղությամբ: Մ. Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր