ԼՂՀ առողջապահության նախարարը ընդունել է Օնտարիոյի Հայ-Կանադական Բժշկական Միության տնօրենների խորհրդի անդամ Գայանե Հովհաննիսյանին
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Օնտարիոյի Հայ-Կանադական Բժշկական Միության (ACMAO) տնօրենների խորհրդի անդամ Գայանե Հովհաննիսյանին և «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:
Գայանե Հովհաննիսյանը նախարարին է ներկայացրել կազմակերպության կողմից կատարած աշխատանքները, ինչպես նաև քննարկվել են հարցեր կապված առաջիկայում նախատեսվող համագործակցության նոր ծրագրերի շուրջ:
Տեղեկացնենք, որ դեռ 1998թ.-ին ՕՀԿԲՄ անդամների ակտիվ ջանքերով հիմնադրվեց Շուշիի ատամնաբուժարանը, 2004թ.-ին` «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպությունը, 2005թ.-ին` «Կանանց առողջության կլինիկան», 2006թ.-ին` Մարտունու,Մարտակերտի շարժական ատամնաբուժարանները:
ՕՀԿԲՄ աջակցությամբ 2005-2014թթ. արտերկրից ժամանած բժիշկների միջոցով, իրականացվել են մի շարք գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ, ձեռքի հմտության դասնթացներ՝ ԼՂՀ ատամնաբույժների մասնակցությամբ:
Հանդիպման ավարտին նախարար Աթայանը շնորհակալություն է հայտնել Օնտարիոյի Հայ-Կանադական Բժշկական Միության կողմից Արցախում իրականացվող արդյունավետ ծրագրերի, երկարատև համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: