2420 դիտում
17:43 02-09-2016
83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել "Հայաստանում կայուն դպրոցական սնունդ" ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ "Հայաստանում կայուն դպրոցական սնունդ" ծրագիրը մինչև 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:
Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանով երկարաձգվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը: "Մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին՝ հատկապես ծրագրի փուլային հաջորդականության ապահովման համար:
Ներկայումս աշխատանքներ ենք տանում համապատասխան հիմնադրամի ձևավորման ուղղությամբ. մոտ ժամանակներս մեր գործընկերների աջակցությամբ նոր որակ կհաղորդենք ծրագրին:
Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական սննդով",-նշել է նախարարը և հավելել, որ սննդի որակի ապահովման իմաստով Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի մեթոդաբանական օգնությունը շատ գնահատելի է:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն իր հերթին նշել է, որ գրասենյակն այս տարի նշում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում: ""Հայաստանում կայուն դպրոցական սնունդ" ծրագրի կապակցությամբ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ԿԳ նախարարության՝ երկարաժամկետ, կայուն և արդյունավետ համագործակցության համար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն դոլար, որի համար նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ կառավարությանը՝ օժանդակություն ցուցաբերելու համար",-նշել է նա՝ ընդգծելով, որ ծրագրով կշարունակվի ՀՀ 7 մարզերի շուրջ 600 դպրոցներում սովորող տարրական դասարանների 60.000 աշակերտների սննդի ապահովումը: Ի դեպ, ծրագրի իրականացումն ապահովում են 1700 կին-խոհարարներ:
Նշենք, որ Հայաստանում "Կայուն դպրոցական սնունդ" ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից՝ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013 թվականից սկսած՝ ծրագրի իրականացմանը միացել է ՀՀ կառավարությունը՝ ընդլայնելով ծրագրի ծավալները: Ներկայումս "Կայուն դպրոցական սնունդ" ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից: Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում "Կայուն դպրոցական սնունդ" ծրագիրն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի, իսկ մնացած 7 մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված են ՀՀ մարզերի դպրոցների տարրական դասարաններում սովորող շուրջ 83 հազար աշակերտներ:
Նմանատիպ նյութեր
1969 դիտում
17:27 29-09-2015
Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
1423 դիտում
23:38 20-12-2019
Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ
1692 դիտում
18:03 24-05-2016
Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը