211652_close_icon
views-count4309 դիտում article-date 15:32 06-09-2016

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի և Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեցող և մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսևորումներով արտահայտվող հայ և հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այդ տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը: ՀՀ Նախագահը և Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև խորհրդարանական դիվանագիտությանը: Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ՀՀ Նախագահի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-հունական փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններին և առկա մեծ ներուժին:

Նմանատիպ նյութեր