211652_close_icon
views-count1216 դիտում article-date 15:30 11-11-2014

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նախագահը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի բարձր առաքելությունը նա լավագույնս կիրականացնի՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում և խորանում: Բազմաբնույթ և սերտ այդ հարաբերությունները, Հանրապետության Նախագահի խոսքով, դրսևորվում են երկու երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջպետական ամուր կապերով, օրինակելի ապակենտրոնացված համագործակցությամբ, տնտեսական հարաբերությունների նկատելի աշխուժացմամբ, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում փոխգործակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու այդ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ Նախագահը բարձր է գնահատում և նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ և հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու և հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակին: Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր համար մեծ հպարտություն և պատիվ է համարել պաշտոնավարել մի երկրում, որն ունի հնագույն պատմություն, հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն և դարավոր բարեկամական կապեր Ֆրանսիայի հետ:

Նմանատիպ նյութեր