211652_close_icon
views-count3657 դիտում article-date 12:31 14-09-2016

1321 թվականի այս օրը մահացել է իտալացի հռչակավոր բանաստեղծ Դանթե Ալիգիերին

Դանթե Ալիգիերին ծնվել է գուելֆյան ընտանիքում։ Հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում։ Դանթեն մանուկ հասակում կորցնում է մորը, իսկ պատանեկության տարիներին՝ հորը։ Մանկուց նրա մեջ առաջացել է սերը գրականության հանդեպ։ Երիտասարդ տարիներից նա ներգրավվում է քաղաքական դեպքերի ոլորապտույտի մեջ։ Գուելֆյան կուսակցության կողմից 1289-ի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում է որպես հեծյալ զինվոր։ Հետո, երբ գուելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը։ Դանթեն հետագայում պետական բարձր պաշտոններ է վարել, կատարել դիվանագիտական պատասխանատու հանձնարարություններ։ Ֆրանսիական թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ դեսպանություն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն՝ Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է, երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ով կգնա։ Եթե ես գնամ, ով կմնա»։ Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։ Պատժի ենթակա Սպիտակների ցուցակում էր նաև Դանթեի անունը։ Դատավճիռը ձևակերպված էր այսպես. Սևերի դեմ պայքարելու համար 5000 լիր տուգանք, երկու տարվա աքսոր Տոսկանայի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի հիմնահատակ ավերում։ Հրամանի տակ ավելացված էր՝ երեք օրվա ընթացքում ներկայանալ քաղաքագլխին։ Դանթեն չի ներկայանում։ Քաղաքագլուխը նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում՝ «կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Այս հրապարակվել է 1302-ի մարտի 10-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քանդում է քաղաքագլխի զինված ասպետների խումբը, 150 քարտաշների հետ միասին։ Դանթեն ընտանիքով բռնում է տարագրության տխուր ճանապարհը, այլևս Ֆլորենցիա չի վերադառնում։ Աքսորի չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է խնդրում, որը անհետևանք է մնում։ 1315-ի մի օրենքով նա կարող էր վերադառնալ Ֆլորենցիա։ Պայմանն այն էր, որ դատապարտյալը երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին պիտի գնա Սան-Ջովանի եկեղեցին, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարհի, որպես «մեղքերը քավող հանցագործ»։ Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։ 1315-ի հոկտեմբերի 15-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել՝ մահվան նոր դատավճիռ այս անգամ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։ Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան։ Տարագրության տարիներին Դանթեն վերստին քաղաքական իրադարձությունների կենտրոնում է։ Ֆլորենցիան Սևերի իշխանությունից ազատագրելու հույսը և մասնատված Իտալիայի միավորման հեռանկարը նա կապում էր գերմանական կայսր Հենրիխ 7-րդի հետ, որ այդ ժամանակ մեծ զորքով շարժվում էր Իտալիա։ Դանթեն չէր հասկանում, որ գերմանական կայսեր գալուստը ազգակործան չարիք է, սակայն գորել է հավատով ու համոզմունքով՝ ղեկավարվելով Ֆլորենցիայի բարօրության, Իտալիայի միավորման ակնկալիքով։ Հենրիխի մահից հետո իրական հեռանկարներ չտեսնելով, Ֆլորենցիա վերադառնալու հույսը կորցրած, քաղաքական ասպարեզը թողնում է։ Դանթեն վերջին տարիները անցկացրել է Վերոնայում, ապա Ռավեննայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն։

Նմանատիպ նյութեր