211652_close_icon
views-count2546 դիտում article-date 16:38 14-09-2016

Աէրացիայի ջրամաքրման կայանի վերակառուցումն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին. ՋՏՊԿ

Մեր մասնագետներն ու անկախ խորհրդատուները մեծածավալ և բավականին բարդ աշխատանք են կատարել՝ խմելու ջրի համակարգը նոր օպերատորին պատշաճ մակարդակով փոխանցելու համար: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՋՏՊԿ նախագահ Արամ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում արդեն իսկ պարզ կդառնա խմելու ջրի միասնական օպերատորի անունը, հաղորդում է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՋՏՊԿ նախագահը հայտնեց, որ օպերատորի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, այս պահին տարվում են բանակցություններ՝ կապված միասնական սակագնի որոշման հետ: Ա. Հարությունյանը կարևորեց ՎԶԵԲ և ԵՆԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ հատկանշելով, որ այս տեսակի համագործակցությունը հիմնված է տեսանելի արդյունքների և վստահելի գործընկերության սկզբունքի վրա: ««Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրն» առանցքային նշանակություն ունի ՋՏՊԿ համար: Դրա իրականացման արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն բարելավել ջրամատակարարման հիմնական ցանցի վիճակը»,- նշեց Ա. Հարությունյանը: Քանի որ ծրագրում ներառված է նաև կեղտաջրերի մաքրման բաղադրիչ, ՋՏՊԿ նախագահը ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքները և կարևորեց հատկապես Երևանի ջրամաքրման կայանի՝ Աէրացիայի վերակառուցումը, որը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսների ընթացքում: Անդրադառնալով խմելու ջրի միասնական օպերատորի ընտրությանը և դրանից հետո սպասվող իրավիճակային փոփոխություններին՝ Ա. Հարությունյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկեց «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագրի» կառուցվածքի, գույքի ձեռքբերման ծավալների և ուղղվածության վերանայման հնարավորությունները, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հետ կապված խնդիրներ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Տեա Մելիքաձեն գոհունակությամբ արձանագրեց, որ համագործակցության ընթացքում ՋՏՊԿ-ն մեծածավալ գործունեություն է իրականացրել ոչ միայն իր գործառույթների սահմանում, այլև մեծապես աջակցել է միջազգային խորհրդատվական ընկերություններին՝ տվյալների հավաքագրման և ՀՀ ջրային համակարգի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու գործում: Նշենք, որ «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրն» իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (30 մլն եվրո) և Եվրամիության Հարևանքության քաղաքականության ծրագրի (20 մլն եվրո) աջակցությամբ: Այս ծրագրում ներգրավված է նաև Եվրոպական ներդրումային բանկը՝ 30 մլն եվրո մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր