211652_close_icon
views-count1945 դիտում article-date 15:04 19-09-2016

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվել է «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագրի մեկնարկային փուլը

Սեպտեմբերի 13-17-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել են 19 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հասմիկ Ղազարյանը: <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>>-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է ևս 2 ծրագրային հնգօրյակ նոյեմբեր և հունվար ամիսներին: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին` ընդգծելով դրանց պրակտիկ կիրառության կարևոր ասպեկտները կոնկրետ քաղաքականություններ վարելիս և որոշումներ կայացնելիս, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակում: Ծրագրի մեկնարկային փուլի 5 օրերի ընթացքում ներկայացվել են Եվրոպայում առկա հիմնական քաղաքական գաղափարախոսությունները և ժողովրդավարության տարբեր տեսակները, անդրադարձ է կատարվել քաղաքականության մեջ կնոջ դերին, քաղաքական կրթությանը և քաղաքական կառույցների նշանակությանը, երիտասարդները ձեռք են բերել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարելու և հաղորդակցային կիրառական հմտություններ: Ծրագրի շրջանակներում այցելություն է կատարվել Բուդապեշտի <<Ահաբեկչության տուն-թանգարան>> (House of Terror), որտեղ ներկայացված է ԽՍՀՄ քաղաքական ազդեցությունը Հունգարիայի պատմության վրա: Դասընթացային քննարկումների ընթացքում քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները կիսվել են իրենց երկրների փորձով, համեմատականներ են անցկացրել առկա քաղաքական իրավիճակների միջև, անհրաժեշտ գիտելիքներ են ստացել քաղաքական ասպարեզում առավել արդյունավետ և բազմաբևեռ դրսևորման համար: Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ հարցին՝ որպես տարածաշրջանում ժողովրդավարության կայացման գլխավոր մարտահրավերներից մեկի: Դասընթացների ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը ակտիվ մասնակցություն է ունեցել թե' անհատական, և թե' թիմային աշխատանքներում: Հավելենք, որ ծրագիրն անցկացվում է արդեն 23-րդ անգամ, և <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի հաջորդ փուլերը կապված են լինելու միջազգային անվտանգության խնդիրների և սոցիալ-տնտեսական մարտահրավերների հետ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր