211652_close_icon
views-count3446 դիտում article-date 20:21 19-09-2016

«Շատ պարտավորեցնող է, որ Հայաստանն իր կարևորագույն տոնը նշում է դասական երաժշտությամբ». Սերգեյ Սմբատյան

Սեպտեմբերի 19-ին Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ են հանդիպել «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախմբի անդամները և նախագծի հեղինակ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, հանդես կգա «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը, որ համախմբում է ՀՀ մարզերի և Արցախի մոտ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտ կատարողների: Ասուլիսի ընթացքում ներկայացնելով նախագիծը՝ Սերգեյ Սմբատյանը նշել է, որ մենք միշտ արժեքավորում ենք այն, ինչ ունենք, ինչի մասին գիտենք, բայց ունենք նաև արժեքներ, որոնք ստեղծել է մեր երիտասարդ Հայաստանը, և դա սեպտեմբերի 21-ին մարդիկ կտեսնեն մարզահամերգային համալիրի բեմում։ «Երիտասարդ՝ 25 տարեկան երկրի համար սա փայլուն ցուցանիշ է։ Մենք ունենք տաղանդներ, մենք ունենք գիտելիք, և շատ կարևոր է, որ Հայաստանը որոշեց իր կարևորագույն տոնը նշել դասական երաժշտությամբ։ Մեզ համար՝ իմ և իմ կոլեգաների, դա մեծագույն պատիվ է, ոգևորություն և շատ պարտավորեցնող,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն ունի այն, ինչ չունեն շատ երկրներ։- Մենք մարզերում ունենք երաժիշտներ, որոնք ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով կարող են հանդես գալ լավագույն նվագախմբերի կազմում»։ Մաեստրո Սմբատյանն ընդգծում է նաև, որ այն ոգևորությունը, որ տիրում է փորձերի ընթացքում, այս կոլեկտիվի շուրջ, մեծագույն ձեռքբերում է։ Ալտահար Եղիա Անսուրյանը Գյումրիից է։ Խոսելով համերգային ծրագրի մասին՝ նկատում է, որ այն շատ հետաքրքիր է, միևնույն ժամանակ շատ բարդ է նվագել այսպիսի մեծ կազմի հետ. «Տարածաշրջանում նման նախագիծ չի եղել։ 25 տարվա պատմություն ունեցող Հայաստանի այս նախագիծը պետք է շատ-շատերին ոգևորի»։ 22-ամյա Եղիան հույս հայտնեց, որ այս ծրագրից հետո շատ ընտանիքներում որոշում կկայացնեն իրենց երեխաներին տալ երաժշտական կրթության. «Եվ հույս ունեմ, որ ՀՀ անկախության 30-ամյակին այս ծրագիրն է՜լ ավելի մեծ մասշտաբներ կընդգրկի, և մեր ուժը կհասնի աշխարհի տարբեր ծագեր, քանի որ երաժշտությունն այն լեզուն է, որը հասկանում են անկախ ազգությունից։ Այս նախագիծն արդեն կայացած է, քանի որ համախմբում է 1100 երաժշտի»։ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախությանը նվիրված հոբելյանական համերգի ծրագրում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների՝ ինչպես նախկինում, այնպես էլ վերջին 25 տարիներին գրված ստեղծագործություններ։ Կլինեն նաև պրեմիերաներ։ [b]«Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր