Ռուսաստանի հետ համագործակցության մասին խոսելը վաղ է. Սպիտակ Տուն
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները վաղ են համարում Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, տեղեկացնում է Ria Novosti-ն։
«Ռազմական համագործակցությունը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել էին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, պետք է սպասի մինչև հրադադարի ամբողջական իրագործումը»,-նշել է Ռոդսը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ռուսական իշխանություններն ունակ չեն բարի կամք դրսևորելու և գործելու այդ շրջանակներում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռոդսը հայտարարել էր, որ Հալեպի մերձակայքում նախօրեին ՄԱԿ-ի ու Կարմիր մահիկի հումանիտար ավտոշարասյունը կարող էին գնդակոծած լինել ռուսական կամ սիրիական կործանիչները։ ՄԱԿ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է հումանիտար ավտոշարասյուներ ուղարկել Սիրիա, մինչև չպարզվեն ողբերգության հանգամանքները։