18091 դիտում
23:50 27-09-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, այսօր երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:
Հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ և այլ ժանրերի երաժշտություն, և եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:
Հանրապետության Նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, Նախագահի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:
Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:
Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է տասնամյակներ շարունակ հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքը և հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը:
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հանրային հեռուստաընկերության սիրելի՛ մասնագետներ կամ ինչպես տիկին Շլեպչյանն էր ասում տարիներ շարունակ՝ թանկագի՛ն բարեկամներ,
Իրոք, դուք թանկագին բարեկամներ եք, որովհետև արդեն 60 տարի դուք գալիս եք մեր տները, մտնում եք մեր բնակարանները, լցնում մեր երեկոները հետաքրքիր փաստերով, տեղեկացնում մեզ ու սովորեցնում գնահատել իրականությունը: Երկար տարիներ դուք մեզ հետ միասին կիսել եք մեր ուրախությունը ու, իհարկե, նաև ցավը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու և խոսք ասելու արժեքը և դա անում են մեծ պատասխանատվությամբ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են եթերում երևացող մարդկանց ստեղծել լավ գործեր: Նոր եթերաշրջանը, առավել ևս հոբելյանական եթերաշրջանը, ծննդյան օրվա պես մի բան է: Այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ, տեսեք, տեսախցիկի ետևում մարդիկ աշխատում են:
Մենք նոր տեսանք, թե մարդիկ ռեժիսորական վահանակի առջև ինչպես են աշխատում և շատ հաճախ այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում»,- ասել է Նախագահը և ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ է, որ 60 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն սկսեց հեռուստատեսությունը և կարճ ժամանակաընթացքում կարողացավ Խորհրդային Միության երկրներից ամենաշատ եթերաժամն ունենալ, ինչը պայմանավորված էր լավ մասնագետների առկայությամբ: Մեր երկրի անկախացումից հետո էլ, դժվարին պայմաններում աշխատող հեռուստատեսության աշխատակիցների աշխատանքի արդյունքում, ՀՀ Նախագահի խոսքով, տաղավարներից ջերմություն էր մտնում մարդկանց բնակարաններ:
Այսօր արդեն բոլորովին նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած, բարձրորակ պատկեր հաղորդող հեռուստատեսությունը փորձառու մասնագետների աշխատանքի, ինչպես նաև բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հեռուստաընկերությանը ցուցաբերված օժանդակության արդյունքն է: Այդուհանդերձ, Նախագահի համոզմամբ, առաջինը լինելու կամ առաջինը դառնալու համար մշտապես պետք է կատարելագործվել. «Բոլորիդ մեկ անգամ ևս շնորհավորում եմ, այդ թվում նաև ինձ՝ բոլորիս, այս օրվա՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանի կապակցությամբ:
Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար: Առա՛ջ»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
18:49 17-06-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն. ֆոտոշարք
7979 դիտում
12:34 04-07-2018
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել
7040 դիտում
21:36 05-09-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
925 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ