211652_close_icon
views-count1357 դիտում article-date 19:59 28-09-2016

«Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում». Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Երևանի թիվ 3 ավագ դպրոցում ներկա է գտնվել "Աշխարհի ամենամեծ դասը" միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշակերտներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել է, որ "Աշխարհի ամենամեծ դաս" նախաձեռնության նպատակը նոր կյանք մտնող երիտասարդներին քաղաքակրթության մարտահրավերները հասու դարձնելն է. "21-րդ դարը հնարավորություն է տալիս աշխարհի հիմնախնդիրները դիտարկել մեկ ամբողջության մեջ: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ ենք ապրում, մենք բոլորս Երկիր մոլորակի զավակներն ենք, և մոլորակի խնդիրներըը թակում են յուրաքանչյուրիս դուռը: Փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է, որպեսզի երիտասարդ մարդն իրեն զգա մոլորակի մի մասնիկը և պատասխանատվություն կրի լուծելու ոչ միայն մեր հանրապետության, տարածաշրջանի առջև ծառացած հիմնախնդիրները, այլև մտահոգ լինի աշխարհի զարգացմամբ",- իր խոսքում նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Կայուն զարգացման մարտահրավերները` բնապահպանական հարցեր, աղքատության հաղթահարում, տնտեսության զարգացում, կլիմայի փոփոխություն և այլն, խնդիրներ են, որոնց լուծումը համամարդկային ջանքեր է պահանջում և երիտասարդությանը սովորեցնում է մտածել համամարդկային պատասխանատվության չափանիշով, որը շատ անհրաժեշտ է մեր կրթական համակարգին": Դիմելով աշակերտներին` նախարարը նաև նշել է, որ խոշոր հիմնախնդիրների լուծումը սկսվում է սեփական խնդիրների լուծումներից. "Ամեն ինչ սկսվում է սեփական տնից. մենք չենք կարողանա իրագործել գլոբալ համամարդկային խնդիրների լուծում, եթե այդ նույն խնդիրները չկարողանանք լուծել մեր երկրում, մեր հասարակության համար: Առաջիկա տարիներին, երբ դուք կշարունակեք ձեր կրթությունը, ապա նաև կանցնեք աշխատանքային գործունեության, հիշեք` դուք մեծ ժողովրդի արժանի զավակն եք: Ժողովրդի մեծությունը քանակով չի չափվում, այլ այն հետքով, որը նա թողել է համաշխարհային քաղաքականության մեջ: Մեր ժողովրդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մենք անհիշելի ժամանակներից, քայլելով պատմության քառուղիներում, կարողացել ենք ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներին համարժեք, առաջադեմ լուծումներ գտնել: Մեր ժողովուրդը կարողացել է իր ներդրումն ունենալ համաշխարհային նշանակության բոլոր ոլորտներում. երաժշտություն, գրականություն, գիտություն, արվեստ, աստղագիտություն ամեն տեղ հայկական հետքը կա: Փոքր ժողովրդի համար հնարավոր չէ փակվել և մնալ սեփական տարածքի մեջ, միևնույն է, բոլոր հանճարեղ գաղափարները ճեղքում են սահմանները",- նշել է Լ. Մկրտչյանը` հավելելով, որ այժմ մեր 25-ամյա անկախ պետության նոր սերունդը անկախությունը պետք է բարձրացնի համաշխարհային մակարդակի: ԿԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին համագործակցության համար, նշելով, որ այս տարիներին հաջողվել է համաշխարհային նշանակության հարցերին տեղական լուծումներ գտնել: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան իր խոսքում նշել է, որ կիսում է նախարարի կարծիքը, որ Հայաստանը մեծ ներդրում է ունեցել համամարդկային քաղաքակրթության ոլորտում. "Անկախ պետության չափերից, կարևորն այն ուժն է, ձայնը, որ հայերն ու պետությունն ունեն ասելու աշխարհին: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի հերոս է, քանի որ բոլորիդ ներսում էլ կա ինչ-որ բան փոխելու ուժ",- նշել է Տ. Ռադոչան: Բաց դասի ընթացքում աշակերտները կատարել են խմբային աշխատանք՝ Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ, ներկայացրել իրենց առաջարկություններն ու զեկույցները՝ դրանցում ամփոփելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ իրենց պատկերացումները: Դասի ավարտին ԿԳ նախարարն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատասխանել են աշակերտների հարցերին: Նշենք, որ այսօր Աշխարհի ամենամեծ դասն անցկացվել է 25 լեզվով աշխարհի ավելի քան 160 երկրի 500 միլիոն դպրոցականների համար:

Նմանատիպ նյութեր