211652_close_icon
views-count5731 դիտում article-date 20:06 02-10-2016

Ինչո՞ւ Ջեք Օլդերմենը դատապարտվեց մահապատժի 1975 թ․-ին, իսկ մահապատժի ենթարկվեց միայն 2008 թ-ին

Մահապատիժը ամենահին պատժամիջոցի տեսակներից մեկն է։ Ի սկզբանե այն առաջացել է «ակն ընդ ական» սկզբունքի հիման վրա։ Ըստ այս սկզբունքի՝ մարդուն սպանելու համար արդար պատիժը հանդիսանում էր մահապատիժը։ Բացի այդ, իր դերը խաղաց նաև արյան վրիժառություն սովորույթը, որին փոխարինելու էր մահապատիժը, որն իրագործվում էր պետության կողմից։ Չնայած նրան, որ հետագայում հանցագործությունների մեծամասնության համար այս սկզբունքը փոխարինվում է նյութական տուգանքով ի օգուտ տուժողի, մահապատիժը պահպանվել է պետությունների մեծամասնությունում։ Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, մեղադրյալին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում Ջեք Օլդերմենը կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի 1975 թ․ հունիսի 14-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն 2008 թ․ սեպտեմբերի 16-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։ Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է սպանություն և պատժվում՝ օրենքով։ Ժամանակակից պետությունների մեծ մասում մահապատիժն իրականացվում է ոչ հրապարակային ձևով, այսինքն՝ մահապատժին ներկա են լինում միայն օրենքով սահմանված անձինք։ Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ պետության կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից (նախագահ, միապետ, վարչապետ, նահանգապետ և այլն)։ Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003 թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997 թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։

Նմանատիպ նյութեր