211652_close_icon
views-count3227 դիտում article-date 15:13 14-10-2016

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը մտահոգություն հայտնեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարին վերագրվող հայտարարության կապակցությամբ

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: ԵԱՀԿ մշխատական խորհրդի նիստին ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Մասնավորապես, դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: Հայաստանի առաքելության ղեկավարն ափսոսանք հայտնեց, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդի մեջ և շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից: Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:

Նմանատիպ նյութեր