211652_close_icon
views-count1393 դիտում article-date 19:03 17-10-2016

Պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը. կարելի է դիմել նաև էլեկտրոնային տարբերակով

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որոնց համաձայն այս կամ այն հասցեում շինարարություն է իրականացվում՝ առանց շինարարական թույլտվության: «Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող այս կամ այն շինարարական գործընթաց գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ: Հետևաբար, նման անհարկի քննարկումներից խուսափելու համար քաղաքացիներին մատչելի կերպով ներկայացրեք շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները, առավել ևս, որ մենք բավականին պարզեցրել ենք դրանք: Համոզված եմ, եթե քաղաքացին տեղյակ լինի, որ օրինակ տանիքի նորոգման համար անհրաժեշտ է նախ թույլտվություն ստանալ և, որ տվյալ թույլտվության համար երկար ժամանակ չի պահանջվում, ապա միանշանակ կդիմի ու չի գնա ապօրինության: Դրանով նա նախ կխուսափի վարչական պատասխանատվությունից, և իր կողմից իրականացվող աշխատանքը չի դիտարկվի որպես անօրինական շինարարություն: Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով: Ըստ այդմ, քայլեր ձեռնարկեք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Պատասխանատուներին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները տվյալ գործընթացի վերաբերյալ քաղաքացիների իրազեկման շրջանում:

Նմանատիպ նյութեր