211652_close_icon
views-count2774 դիտում article-date 17:32 18-10-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին: Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչը դրսևորվում է, մասնավորապես, երկկողմ շփումների ու փոխայցերի ինտեսիվությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հագեցած, բազմաբովանդակ օրակարգից և կարևորել տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորել ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, ՀՀ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը: Վարչապետի խոսքով՝ ընդլայնվում են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային կապերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է դեկտեմբերին Երևանում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի անցկացումը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և պատրաստվում է իրականացնել շուրջ 40 մլն դոլարի ծրագրեր: Պարոն Շարպանտիեն ընդգծել է նաև, որ ֆրանիսական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումը:

Նմանատիպ նյութեր