211652_close_icon
views-count3351 դիտում article-date 20:43 19-10-2016

Քննարկվում է Մոսկվա-Երևան ուղերթի տուժածներին նյութական օգնություն ցուցաբերելու հարցը. Վահան Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալ Արամ Արսենյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան Մոսկվա - Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի մանրամասներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կարճ ժամանակահատվածում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները գործեն կանոնավոր ուղևորափոխադրումների դաշտում: Անդրադառնալով օրենքում նախատեսվող փոփոխություններին՝ նախարարը նկատեց, որ միայն օրենք ընդունելն ու մեքենաների տեխնիկական զննություն անցկացնելը քիչ է: «Պետք է խստացնել և կանոնակարգել ուղևորափոխադրումների ոլորտը։ Պետք է աշխատանքներ տանել նաև վարորդների հետ, որպեսզի թե′ կանոնավոր, և թե′ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում նրանք կատարեն իրենց պարտականությունները, քանի որ բոլորիս համար առաջին հերթին կարևոր է ուղևորի անվտանգությունը»,- ասաց նախարարը։ Վ. Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ քննարկվում է տուժածներին նյութական օգնություն ցուցաբերելու հարցը։ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, անդրադառնալով վթարի հետևանքով վիրավորված քաղաքացիների առողջական վիճակին, տեղեկացրեց, որ առաջին իսկ օրը Հայաստան են տեղափոխվել վթարից տուժած 27 ուղևորներ, նաև՝ մահացած վարորդի աճյունը։ Տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «Այս պահի դրությամբ բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Ռուսաստանի Դաշնությունում ներկայում կան 4 տուժածներ, որոնցից մեկը ծանր վիճակում է, երկուսը տեղափոխվել են այլ քաղաք` վիրահատության»,- ասաց փոխնախարարը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանն էլ տեղեկացրեց, որ դեռևս անցած տարի՝ Տուլայում տեղի ունեցած դեպքից հետո, նախարարությունը ձեռնարկել է գործուն միջոցներ, որպեսզի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում օրենքները խստացվեն: «Մենք մշակեցինք մեր առաջարկությունների ցանկը, որն արդեն ԱԺ-ում անցել է առաջին ընթերցումը: Սպասում ենք երկրորդ և երրորդ ընթերցմանը, որպեսզի փոփոխություններն օրենքի ուժ ստանան: Այդ փոփոխություններով խիստ վերահսկողություն կսահմանվի տոմսերի վաճառքի վրա, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում կվերահսկվի ուղևորների անվանացանկը: Պետք է օրենքի սահմաններում թույլ չտալ կանոնավոր ուղևորափոխադրումների անվան տակ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը»,- ասաց փոխնախարարը: Ասուլիսի ընթացքում հնչեցին բազմաթիվ այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր