211652_close_icon
views-count4376 դիտում article-date 20:14 20-10-2016

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 20-ից մեկնարկում է անալոգային հեռարձակման փուլային անջատման ծրագիրը: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է: Զանգվածային լրատվության միջոցների հետ այսօր՝ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։ Նա նշեց, որ թվային հեռարձակման համակարգին անցնելու գործընթացն իրականացվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցության և խիստ վերահսկողության ներքո։ Նախարարությունը փուլ առ փուլ ապահովել է ֆինանսական բոլոր հոսքերը, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Ուշադրության կենտրոնում են գտնվել գործընթացի 3 հիմնական՝ իրավական, տեխնիկական և սոցիալական բաղադրիչները։ «Այդ բաղադրիչներից ամենակարևորը` սոցիալական բաղադրիչը, ենթադրում էր անվճար սարքերի տրամադրում առավել մեծ թվով սոցիալապես անապահով ընտանիքների: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 1մլն 700 հազար դոլար հատկացրեց շուրջ 110600 ընդունիչ կցուրդ սարք ձեռք բերելու համար: 2 հազար ընդունիչ սարք էլ ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց տրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այսօրվանից անալոգային ազդանշանի հեռարձակումն անջատվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Շիրակի մարզերում: Իսկ հոկտեմբերի 27-28-ից ՀՀ ամբողջ տարածքում անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի»,- ասաց Արթուր Առաքելյանը: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը նշեց, որ կատարված աշխատանքները լիովին համապատասխանում են նախատեսված չափորոշիչներին: Նա ընդգծեց, որ ստեղծվել է թվային հեռարձակման այնպիսի ենթակառուցվածք, որն օրինակելի է այլ երկրների համար: «Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: Թվայնացման դրական արդյունքներն ակնհայտ կլինեն մարզային բնակչության համար։ Եթե նախկինում մարզային բնակավայրերում 3-4 հեռուստածրագիր էին դիտում, այժմ բնակչությունը հնարավորություն ունի դիտելու 9 հեռուստածրագիր»,- ընդգծեց Գրիգոր Ամալյանը: Նշենք, որ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014 թ. հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։ Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան, ըստ մասնագիտական որոշ գնահատականների՝ թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր