211652_close_icon
views-count3485 դիտում article-date 13:59 22-10-2016

Վարչապետը ծանոթացել է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին: Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ընկերությունների զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը հետաքրքվել է նրանց խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, արտահանման աճին և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն: Վարչապետը կարևորել է արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին: «Գյուղնախարարի հետ քննարկում և այժմ բանակցում ենք, որպեսզի մասնավորի հետ ստեղծենք մի ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ: Բայց լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որ իրենք կարողանան հանգիստ գումար ներդնել և սկսեն զբաղվեն շուկայի որոնմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը: Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր