79576 դիտում
16:36 25-10-2016
Խոշոր ավտովթար Արշալույս գյուղի տարածքում. բախվել են ЛАДА-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ. Աղվան Հովսեփյանի հրամանը դանդաղեցնում է օպերատիվ աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Վազ 217030 մակնիշի 34 AN 442 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 08 ՍՕ 295 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով LADA Priora-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Համլետ Ղուկասյանի գլխավորությամբ։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ մեծ դժվարությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթոիր Մկրտչյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Վաղարշապատի ոստիկանապետը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն 1 ժամ է, հրշեջները, ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի բաժնի ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննիչը, սակայն նա չի ժամանում, քանի որ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ կամ հրամանով քննիչները դեպքի վայր միայն պետք է ժամանեն ավտովթարի տարածքի դատախազի ցուցումով։
Այս «գլուխգործոց» նորամուծությունն ավելի է բարդացնում ՃՈ աշխատակիցների, փրկարարների աշխատանքը, քանի որ մարդիկ ժամերով պետք է սպասեն, մինչև դատախազը մակագրի «Պեպոյի բարաթը», որտեղից էլ նամակն ուղարկեն քննչական ծառայություն, նոր հետո ժամանի քննիչը, իսկ նման ձևով աշխատանքը ավելի է բարդացնում իրավիճակը, ու եթե նախկինում քննիչները օպերատիվորեն ժամանում էին դեպքի վայր, ապա Ա. Հովսեփյանի տված հրամանից հետո պատկերը բոլորովին այլ է։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ЗИЛ-ը բարձված է եղել վառելափայտով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+