211652_close_icon
views-count5964 դիտում article-date 19:14 27-10-2016

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին: Այդ մասին ասված է ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ կազմակերպության տարածած հայտարարությունում: «Յուրաքանչյուր չորս տարին մեկ, որպես նախընտրական ռազմավարության մաս, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուշադիր ուսումնասիրում է նախագահի թեկնածուների անցած ուղին և ընթացիկ նախընտրական արշավը՝ ամերիկահայ համայնքի համար հատուկ մտահոգություն առաջացնող հարցերի բերումով։ Ամերիկահայերի խնդիրներին առնչվող իրենց քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից և թեկնածուների նախկին ձեռքբերումներն ու դիրքորոշումներն ուսումնասիրելուց հետո Հայ դատի հանձնախումբը եզրակացության է եկել, որ ո՛չ Հիլարի Քլինթոն-Թիմ Քեյն, ո՛չ Դոնալդ Թրամփ- Մայք Փենս թեկնածուները չեն վաստակել կազմակերպության սատարումը»,- ասված է հայտարարությունում: ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին։ Նախագահի պաշտոնի համար մրցում են դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ նյութեր