211652_close_icon
views-count1884 դիտում article-date 14:19 03-11-2016

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի գործերով պատասխանատու, մայոր Դոն Հարփերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել 2017թ. համագործակցության հեռանկարները և նախանշել հետագա անելիքները: Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանն անդրադարձավ տարիների ընթացքում համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումներին և կարևորեց առաջնային ուշադրություն պահանջող նախագծերը. - Մեր երկրի հեռավոր համայնքներում արտակարգ պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների: Այդ նպատակով անտառամերձ 109 գյուղական համայնքներում ստեղծվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ, իսկ դժվարամատչելի և բարձր լեռնային բնակավայրերում կստեղծվի 33 հենակետ: Այնտեղ ծառայություն կիրականացնեն կամավոր հրշեջ-փրկարարները: Վայոց ձորում և Տավուշում արդեն գործում է կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատներով չորս հենակետ: Կամավորական ջոկատների հագեցվածությունը մեր հիմնական խնդիրներից է: ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ կամավորական ջոկատների հիմնման գործընթացը համակարգվում է ՀՀ ԱԻՆ աշխատանքային խմբի կողմից, որը հետևում է դրանց նպատակային բաշխմանը, ինչպես նաև ուսուցման հարցերին: - Մենք ընտրել ենք հատկապես անտառամերձ համայնքները, որովհետև անտառները տեղի բնակչության համար ունեն սոցիալական մեծ նշանակություն` ապահովելով նրանց ապրուստը, իսկ կամավորները, մոտ գտնվելով, կարող են իրականացնել նախնական հրդեհաշիջում մինչև պրոֆեսիոնալ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը: ՀՀ ԱԻ նախարարությունն ունի միջազգային մակարդակի փրկարարական ջոկատներ, և մենք շատ կուզենայինք, որ կամավորներն իրենց պատրաստվածությամբ ու հագեցվածությամբ չզիջեն պրոֆեսիոնալներին: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ Դ. Հարփերը նշեց. - Տեսնում եմ, որ դուք բավական լուրջ աշխատանք ենք իրականացրել այս ուղղությամբ: Ինչպես գիտեք` Կանզասում ծառայություն իրականացնող հրշեջների 60 %-ը կամավորներ են: Մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի լիովին պատրաստված կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատներ ստեղծելու ձեր ցանկությունն իրականություն դառնա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև կամավորական ջոկատներին աջակցության հիմնական խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը:

Նմանատիպ նյութեր